Մի «Range Rover»-ի պատմություն. ով՝ ում

«Սա է թուղթը, որ դուք ման էիք գալիս ու չէիք գտնում: Ես գնել եմ իմ մեքենան վարկային գիծ բացելով և նախորդի վաճառքից գոյացած գումարով: Ընդհամենը պետք էր ինձ զանգահարել և հարցնել՝ արդյոք կարո՞ղ եմ ինչ-որ ձևով դա բացատրել: Ես հանգիստ սա կցուցադրեի և Դուք չէիք հայտնվի ծիծաղելի իրավիճակում, երբ դոշը ծեծելով տարբեր կայքերում դեմքի լուրջ արտահայտությամբ պատմում էիք, թե ինչպես եմ ես ապօրինի 7 մլն դրամով մեկ ամսվա մեջ հանրապետականներով լցված պառլամենտում հարստացել: Ամոթ և անընդունելի է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով օրերս իր հասցեին աղմկահարույց մեղադրաքներ հնչեցրած Դանիել Իոանիսյանին՝ հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ ի ցույց դնելով համապատասխան փաստաթուղթը:

Այսպիսով՝ Սիմոնյանը փաստաթղթավորված կերպով ապացուցում է Իոանիսյանի կողմից հնչեցված մեղադրանքների դատարկությունը, ինչը, թերևս, իր հերթին դառնում է մեկ այլ բանի ապացույց՝ այս ողջ պատմության մեջ որոշակի ենթաշերտերի առկայության: Այս իմաստով հետաքրքիր է, թե իր հերթին Իոանիսյանն ինչպե՞ս կարձագանքի Սիմոնյանի կողմից հնչեցված պատասխանին և նրան հակաճառելու պարագայում ի՞նչ հակափաստարկներ կներկայացնի:

Իրավիճակն ուշագրավ է ոչ միայն Ալեն Սիմոնյան-Դանիել Իոանիսյան հակամարտության իմաստով, այլև ներիշխանական տիրույթում այս ամենի հնարավոր արձագանքների:

Գաղտնիք չէ, որ Իոանիսյանի հետևում կանգնած են սորոսականները, որոնց որոշ ներկայացուցիչներ, հայտնի փաստ է, այսօր «Իմ քայլի» կազմում հայտնվել են խորհրդարանաում՝ հնարավորություն ստանալով  ծավալելու օրենսդրական գործունեություն:

Կարելի՞ է, արդյոք, Իոանիսյան-Սիմոնյան հակամարտությունը համարել իշխանական թիմում հնարավոր պառակտման նախանշան կամ գոյություն ունեցող տարաձայնությունների  տեսանելի արտացոլում կամ հետևանք: Սկզբունքորեն գաղտնիք չէ, որ ցանկացած թիմում, հատկապես եթե այդ թիմի ձեռքում կենտրոնացված է պետական իշխանություն, վաղ թե ուշ ի հայտ են գալիս բաժանումներ, ինչի մասին, ի դեպ, Փաշինյանը խոսել էր իր վերջին մեծ մամուլի ասուլիսի ընթացքում՝ հանդես գալով որոշակի նախազգուշացումներով՝ իշխանության ներսում «ինքնավար» խմբավորումների ստեղծման վտանգի հետ կապված:

Ակնհայտ է, որ Իոանիսյանն ու նրա թիկունքին կանգնածները, ովքեր էլ, ըստ էության, դարձել են Դանիելի հիմնական ներշնչման աղբյուրը, ինքնանպատակ կերպով չէ, որ թիրախավորել են Սիմոնյանին, և այդ փաստը կարող է կապված լինել ինչպես Արթուր Վանեցյանի գործոնով, ում դիրքերը փորձում են թուլացնել՝ Ալեն Սիմոնանին հարվածի տակ դնելով, այնպես էլ ողջ իշխանական թիմը հիմնովին պառակտելու մղմամբ՝ դրանում հզորացնելու սորոսյան թևը, այդ միջոցով ավելացնելու Փաշինյանի վրա ունեցած ազդեցության լծակները՝ «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով:

Ամեն դեպքում հարկ է  ֆիքսել, որ  Սիմոնյանի հակաճառական ելույթը բավական հիմնավոր է ստացվել՝ Իոանիսյանին կամ նրա թիկունքին կանգնածներին դնելով բավական դժվարին կացության մեջ: Հիմա նրանք պետք է նույնքան փաստարկված կերպով ապացուցեն իրենց ճշմարտացիությունն ու Ալեն Սիմոնյանի «թալանչի» լինելու  թեզը, եթե, իհարկե, ի վիճակի կլինեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.