Լիդիան ընկերությունը դադարեցրել է սոցիալական բոլոր ծրագրերը

Ամուլսարի խնդրի հետևանքով Հայաստանի տնտեսության ու ներդրումային միջավայրի վրա ազդեցությունները բավական հաճախ են գնահատում տնտեսագետները: Իսկ ինչպե՞ս է ազդում խնդիրը անմիջապես Ամուլսարի շրջակա համայնքերի վրա: Այստեղ Լիդիանը իրականացնում էր բազմամիլիոնանոց սոցիալական ծրագրեր, աշխատանք ունեին հարյուրավոր մարդիկ, ի՞նչ իրավիճակ է հիմա համայնքերում, երբ Ամուլսարի շինարարությունը արդեն մեկ տարի դադարեցված է:

Այս մասին Aysor.am-ը զրուցել է Լիդիան Արմենիայի կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանի հետ: Նա այս համայնքերում համակարգում է Լիդիանի սոցիալական ծրագրերը 2012 թվականից: Լիդիանում աշխատելուց առաջ նա երկար տարիներ սոցիալական զարգացման ծրագրեր է կառավարել տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում: Ունի կառավարման ոլորտի մագիստրոսի կոչում Նյու Յորքի համալսարանից:

 

Տևական ժամանակ է ցուցարարները փակ են պահում Ամուլսարի ծրագրի ճանապարհները: Ձեր ընկերությունը բազմիցս ներկայացրել է այն սոցիալական ծրագրերը և ներդրումները, որոնք Լիդիանն իրականացրել է հարակից համայնքներում: Ի՞նչ վիճակ է այսօր համայնքներում և արդյոք հիմա շարունակո՞ւմ եք այդ ծրագրերը: Ի՞նչպես է ազդել Ամուլսարի փակ լինելը համայնքերի վիճակի վրա:

- Կարծում եմ` վերջին հարցի պատասխանը կստանաք, եթե այցելեք այդ համայնքներ և զրուցեք բնակիչների հետ: Մի քանի թիվ ասեմ պատկերացում կազմելու համար: Շինարարության փուլում միայն Լիդիանի կապալառու ընկերությունները Ջերմուկ և Գնդեվազ համայնքներից ամսական միջինը 200 հազար դոլարի գնումներ էին անում. տրանսպորտային ծառայություններ, հյուրանոց, վառելիք, սնունդ և այլն: Սրան գումարեք մի քանի հարյուր աշխատատեղ, որ չկան, տեղի փոքր բիզնեսներից օգտվող մեր և կապալառուների հարյուրավոր աշխատակիցները, որ գնացել են, և պարզ կդառնա, թե ինչու են այդ համայնքներում փակվում բիզնեսները և ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից: Գնդեվազ համայնքում խանութներից մեկի տերը վերջերս ասաց, թե Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո առանց պարտքի գնումներ գրեթե չի ունենում:

Սա է պատկերը, որը ես բավական մեղմ եմ նկարագրում: Ինչ վերաբերվում է մեր սոցիալական ծրագրերին, ընկերությունը ստիպված էր դադարեցնել բոլոր ծրագրերը, որոնք առավելագույնս ուղղված էին այլընտրանքային կենսամիջոցների ապահովմանը, փոքր, միջին բիզնեսի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության և տուրիզմի զարգացմանը: Արդեն գրեթե մեկ տարի է այս ամենից համայնքները զրկված են, ինչն էլ, բնականաբար, նպաստել է արտագաղթի և գործազրկության աճին:

Մեր հասարակության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության էությունը միանշանակ չի ընկալվում, երբեմն մեկնաբանվում է որպես ընկերության կողմից իրականացվող բարեգործություն, երբեմն էլ՝ «կաշառք» համայնքին: Լիդիանի դեպքում նույնիսկ մեղադրում են, թե ընկերությունը դեռ շահույթ չի ստացել, ուրեմն ինչո՞ւ է այդքան բարեգործություն արել:

- Պետք է տարանջատել բարեգործությունը սոցիալական պատասխանատվությունից: Ժամանակակից աշխարհում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նախևառաջ բիզնես գործընթացների պատշաճ իրագործումն է՝ բնապահպանական և սոցիալական ռիսկերի պատշաճ գնահատմամբ և դրանց մեղմացման ուղղված միջացառումներով, անվտանգության և առողջության պահպանման ընթացակարգերով, մարդու իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումներով և այլն: Լիդիանը հարակից համայնքներն առաջին հերթին դիտարկում է որպես գործընկեր և բոլոր սոցիալական ծրագրերն ուղղված են եղել այս համայնքներում այնպիսի կարողությունների ստեղծմանը, որից կարող է օգտվել և համայնքը և ընկերությունը: Պատասխանատու ընկերությունը ոչ թե իր շահույթից բարեգործություն է անում համայնքում, այլ պատրաստում է համայնքը խոշոր բիզնեսի մուտքին՝ օգնելով ստեղծել համապատասխան կարողություններ:

- Օրինակ կարո՞ղ եք բերել:

- Օրինակ, Լիդիանը աջակցել է փոքր բիզնեսների, օգտվել է այդ բիզնեսների մատուցած ծառայություններից շինարարության փուլում, գնել նրանց ապրանքը, կամ կարող էր ապագայում օգտվել: Այդ բիզնեսներից ամենահաջողները ժամանակի ընթացքում կընդլայնվեին, և ծառայություններ կմատուցեին այլ խոշոր ընկերությունների տարածաշրջանում և Հայաստանի այլ մարզերում: Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, և արդեն կային հաջող օրինակներ: Սակայն ճանապարհների շրջափակման այս մեկ տարվա ընթացքում այդ բիզնեսների 40 տոկոսը փակվել է:

- Շատ հաճախ, հատկապես ակտիվիստների կողմից միջազգային ստանդարտները բնութագրվում են որպես գեղեցիկ շղարշ: Ինչպե՞ս կհակադարձեք այս պնդմանը, ինչպես կարող է շարքային քաղաքացին տեսնել այդ «միջազգային ստանդարտները»:

- Միջազգային ստանդարտների մասին խոսելիս կարող եմ մատնանշել Լիդիանի գործունեության բոլոր ոլորտները՝ սկսած բնապահպանական կառավարումից մինչև աշխատանքային անվտանգությունն ու համայնքային զարգացման ծրագրերը, որտեղ գործունեությունը ծավալվում է այդ ստանդարտներին համապատասխան: Բերեմ մի քանի օրինակ:

Քայլեք Հայաստանում ցանկացած շինհրապարակում և փորձեք հաշվել քանի աշխատող կա, որ ունի պաշտպանիչ արտահագուստ, կամ շինարարության ընթացքում հետևում է անվտանգության նվազագույն կանոններին: Պատասխանը գիտեք ինքներդ: Ի հակադրություն դրան՝ լրիվ այլ պատկեր կտեսնեիք Ամուլսարի ծրագրի շինհրապարակում, այստեղ անհնար էր հանդիպել որևէ աշխատողի առանց անհատական պաշտպանիչ միջոցների: Պատահական չէր, որ շինարարության գրեթե երկու տարվա ընթացքում Լիդիանի շինհրապարակում ոչ մի լուրջ պատահար տեղի չունեցավ:

Մեկ այլ օրինակ. Հայաստանում ընդունված պրակտիկա է, երբ ներդրողը հող է գնում քաղաքացուց, այն ձեռք բերելուց հետո այդ գործընթացը համարվում է ավարտված: Իսկ ի՞նչ է արել Լիդիանը: Միջազգային ընդունված պրակտիկա է, որ հող վաճառած հողատերերին, բացի հողի դիմաց փոխհատուցումից, ընձեռվում է նաև այլընտրանքային եկամուտ ստեղծելու հնարավորություն. օրինակ ջերմոցներ, նոր մշակաբույսերի կոմերցիոն և օրգանական արտադրություն, սննդի վերամշակում, փոքր բիզնեսների աջակցություն և այլն: Լիդիանը հենց այս սկզբունքով է առաջնորդվել, այս ծրագրերում հողի համար վճարված գումարից բացի ներդնելով ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար: Սա հենց այդ միջազգային չափանիշներն են: Բնապահպանական ստանդարտների մասին նույնպես շատ է խոսվել: Ես ինքս բնապահպանության մասնագետ չեմ, բայց միայն մի թիվ ասեմ. Լիդիանի հետազոտությունները մի քանի հազար էջ են, նման ծավալի բնապահպանական հետազոտություն ու պաշտպանիչ միջոցառումների նախագծում հազիվ թե գտնեք Հայաստանում:

- Չնայած Ձեր կողմից թվարկված այս միջոցառումներին, փաստ է, որ այսօր միայն Լիդիանի ճանապարհներն են փակ և հենց Ամուլսարի ծրագիրն է հայտնվել այս իրավիճակում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս իրավիճակը հենց ձեզ մոտ ստեղծվել:

- Կարճ պատասխանը, իմ անձնական կարծիքով հետևյալն է. «Սպիտակ ագռավ» լինելը բերում է իր բարդությունները:

Այսօր պատասխանատու հանքարդյունաբերությունը շատ արագ տեմպերով զարգանում է աշխարհում, զարգացնում ռիսկերի կառավարման գործիքներ, որի մասին Հայաստանում մեր քննադատները հաճախ չեն էլ ցանկանում լսել:

Որպեսզի այդ ստանդարտները գործեն և դառնան նորմ երկրի համար, հասարակության բոլոր հատվածները պետք է պատրաստ լինեն ընդունել նորույթը: Նույնիսկ «լավ տարբերվողը» միևնույն է «տարբերվող» է, ու շատ հաճախ հանդիպում է դիմադրության հասարակության ամենատարբեր շերտերի կողմից, ամենատարբեր պատճառներով: Մինչդեռ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել: Հույս ունեմ, որ չնայած ստեղծված իրավիճակին, Ամուլսարի բերած չափանիշները մի օր դառնալու են նորմ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.