Ակտիվ կրակահերթեր՝ Արցախի ուղղությամբ. ի՞նչն է ոգևորել Բաքվին

Արցախի պաշպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ամփոփ տեղեկություն հայտնելով շփման գծում տեղի ունեցած խախտումների մասին։

Դրանում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց:

Հատկանշական է, որ արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, որի ընթացքում ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զինատեսակներից: Արդյունքում հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, միաժամանակ հայտարարում է, որ հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ»:

Ուշագրավ է, որ ադրբեջանական ագրեսիայի սաստկացումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների տարածաշրջանային այցին գրեթե զուգահեռ՝ այց, որը, փաստորեն, իրական մտահագությունների տեղիք է տվել հատկապես փորձագիտական հանրույթի շրջանում՝ կապված հատկապես տարածած հայտարարության  այն հատվածի հետ, ուր խոսք էր գնացել  «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ» ունեցած հանդիպման մասին:

«Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի  փաստացի  իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հումանիտար հարցերի շուրջ զեկույց»,-մասնավորապես՝ ասվում էր հայտարարարության մեջ:

Գաղտնիք չէ, որ Արբեջանը շարունակաբար փորձում է առաջ մղել կարգավորման սեփական օրակարգը՝ այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը փորձելով դարձնել սուբյեկտ այն դեպքում, երբ սույն գաղափարն ինքնին աբսուրդային է.  այդ համայնքը քաղաքական կամ պետական կազմավորում չէ, և ոչ էլ հակամարտության կողմի կարգավիճակ ունի, ու չնայած դրան՝ Բաքուն ջանում է հավասար հարթության վրա դնել Արցախի ընտրված իշխանությանը և Ադրբեջանի հասարակական կազմակերպությանը, և սա էլ այն պարագայում, երբ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում բազմիցս է շեշտվել, որ կողմերից մեկը ԼՂ ընտրված իշխանություններն են:

Այստեղ գլխավոր հարցը, թերևս, այն է, թե ո՞րն է եղել Մինսկի խմբի համանախագահների նմանօրինակ քայլի պատճառը: Չի բացառում, որ գործ ունենք Արդբեջանական կողմի ճնշման հետ, երբ համանախագահները, փորձելով ամեն գնով սատարել խաղաղությանը, ստիպված են բավարարել ադրբեջանական կողմի քմահաճույքները, ինչն, անկասկած, հօգուտ Ադրբեջանի է, որը նման կերպ փորձում է  հակազդել Երևանի առաջ քաշած օրակարգին՝ Արցախին բանակցային պրոցեսում ներգրավելու հետ կապված: Այսինքն՝ Բաքուն փորձում է իր կեղտոտ խաղն առաջ տանել՝ ստեղծելով միանգամայն կեղծ ու անիրականանալի օրակարգ:

Ինչի՞ մասին  կարող են վկայել ակտիվացած կրակահերթերը, որոնք, ինչպես նշվեց, հնչում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին գրեթե զուգահեռ: Ադրբեջանն ինչ-որ բանից ոգևորվա՞ծ է, ինչի՞ց, մի՞թե Բաքվին իսկապես թվում է, որ կարող է օրակարգ թելադրողի դերում հայտնվել, եթե այո, ապա ի՞նչ հիմքով:

Բոլորովին չի բացառվում, որ գործ ունենք հերթական սպեցիֆիկ դրսևորման հետ: Ենթադրելի է՝  Հայաստանի խաղաղասիրական կեցվածքը ոչ թե պարտավորեցրել, այլ է՛լ ավելի լկտի է դարձրել ադրբեջանցիներին, ովքեր, իրենց սովորության համաձայն, Հայաստանի նոր իշխանությունների այդ պահվածքում տեսել են ոչ թե մեծահոգություն կամ ողջախոհություն, այլ թուլություն, ինչը, թերևս, նտահոգվելու ու ամեն բան  նորովի ծանրութեթև անելու առիթ է տալիս ՀՀ իշխանություններին՝ վերանայելու այդ ուղղությամբ վարվող քաղաքականությունը:

Հայաստանին որոշներ կարծես այնքան էլ լավ չեն հասկացել՝  մարդասիրությունն ու խաղաղասիրությունը շփոթելով թուլության ու անվճռականության հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.