Սամվել Բաբայանն ապստամբեց. մարտահրավեր՝ Վանեցյանին

Օրերս Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես հայտնի է, ուժայինները հայտարարություն էին տարածել, ուր ասվում էր, որ  տեղի ունեցած միջադեպն այլևս լիովին բացահայտված է, և դրա հիմքում ընկած են կենցաղային նախապատճառներ. խոսվում էր ֆինանսական հողի վրա բախման մասին:

Սրանից առաջ էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էր լրագրողների հետ զրույցում խոսել տեղի ունեցածի մասին՝ կանխավ կոչ անելով կատարվածում չփնտրել դավադրության տարրեր,  տեղեկատվական մանիպուլյացիաներից զերծ մնալ:

Այսօր Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով իրավապահներին:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի, չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: 
Կոչ ենք անում Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը և փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ: 

Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի՝ շրջանակը բավականին լայն է»,-մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ:

Բաբայանի գրասենյակի այս վերջին հայտարարությունն է՛լ ավելի ուշագրավ է դառնում նախորդ հայտարարության ֆոնին, երբ հայտարարվել էր, որ Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակած և հրազենից կրակահերթ արձակած «բանդաներն իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»:

«Եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանն, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում», - զգուշացրել էր Արցախի պաշտպանության նախկին նախարարի գրասենյակը:

Իսկ ահա «Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» էին որակել Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած վերոհիշյալ հայտարարությունը:

Իրավիճակը բավական զգայուն է, եթե չասենք՝ պայթյունավտանգ: Բաբայանը հայաստանյան ուժայիններին փաստացի մեղադրում է կողմնապահության մեջ՝ հասկացնելով, որ եթե հետաքննությունը, որն, ի դեպ, անկախ ու անաչառ պրոցես է, չտա իր համար ցանկալի արդյունք, ապա հետևանքները կարող են դուրս գալ կանխատեսելիության շրջանակից:

Արցախում նախագահական ընտրությունները «սարերի հետևում» չեն, ինչը նշանակում է,  որ ժամանակի հետ մեկտեղ այժմ եռացող կրքերը շարունակելու են է՛լ ավելի բորբոքվել՝ առաջ բերելով հսկայական ռիսկեր:

Կոչ անելով ուժայիններին վերաիմաստավորելու հետաքննությունն ու դրանց արդյունքները՝ Սամվել Բաբայանը նրանց անուղղակիորեն մեղադրում է գործը կոծկելու մեջ ու սպառնում ինքնադատաստանով, ինչն, անշո՛ւշտ, խնդիր է ոչ միայն Արայիկ Հարությունյանի ու կողմնակիցների, այլև հեղափոխության ու դրա արժեքները պաշտպանող ուժային կառույցների համար:

Կա՞, արդյոք,  քաոսի վտանգ, նույն ԱԱԾ-ին կհաջողվի՞ եռացող կրքերը հանդարտեցնել ու թույլ չտալ իրավիճակի սրացում, որը կարող է բոլորովին անկանխատեսելի ելք ունենալ: Ակնհայտ է, որ  մի իրավիճակում, երբ նույն ԱԱԾ-ն ու, մասնավորապես, Արթուր Վանեցյանը հայտնվել են հայտնի շրջանակների ուշադրության կենտրոնում, իրավիճակից ելքեր գտնելն օդ ու ջրի պես անհրաժեշտ է հենց Վանեցյանին, քանի որ հակառակ պարագայում նրան կարող են մեղադրել իրավիճակը վերահսկել չկարողանալու մեջ՝ դեմ տալով պատին: Այսինքն՝ տեղի ունեցածը կարող է  հետևանքներ առաջացնել ոչ միայն Արցախում, այլև հենց Հայաստանում, եթե, իհարկե, բանը բանից անցնի:

Մնում է  հուսալ, որ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը կհաջողվի իրավիճակը պահել կատարյալ վերահսկողության տակ, իսկ միջանձնային կամ միջխմբակային վենդետաները կբացառվեն, հակառակ պարագայում   մեծ է վտանգը, որ չի հաջողվի խուսափել քաոսային իրավիճակներից՝ ազգային անվտանգության համար դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.