Իրանի շուրջ օղակը սեղմվում է. ի՞նչ կանի Հայաստանը

Արաբական երկրները Մեքքայում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների գագաթնաժողովի արդյունքներով հայտարարություն են տարածել այն մասին, որ հաստատակամ են պաշտպանելու տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Այդ երկրները միաժամանակ դատապարտել են Իրանի կողմից հնչող սպառնալիքները:

Գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ տարածված ամփոփիչ հաղորդագրության մեջ, մասնավորաբար, ասված է. «Խորհուրդը վերահաստատեց Պարսից ծոցի արաբական պետությունների վճռականությունը պաշտպանելու տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը, համաշխարհային տնտեսության աճը և նավթաշուկաների կայունությունը և դատապարտեց ծովային նավագնացության ազատությանն ու նավթի մտակարարումներին Իրանի սպառնալիքները»:

Միաժամանակ կոչ է արվում միջազգային հանրակցությանը՝ կատարելու միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր պարտավորությունները և վճռական միջոցներ ձեռնարկել իրանական ռեժիմի դեմ. պահանջում են ավելի արդյունավետ ու լուրջ քայլեր կատարել Իրանի կողմից միջուկային ներուժի ստեղծում թույլ չտալու նպատակով և ավելի խիստ սահմանափակումներ կիրառել բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի դեմ:

Բանաձևով աջակցություն է հայտնվում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը:

Տեղի ունեցածը բավական ուշագրավ երանգներ է ձեռք բեում հատկապես օրեր առաջ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի արած հայտարարությունների ֆոնին: Հիշեցնենք, որ Զարիֆը Թեհրանի և Վաշինգտոնի միջև հետզհետե շիկացող լարվածության ֆոնին մայիսի  26-ին, Բաղդադում՝ Իրաքի արտգործնախարար Ալի Ալխաքիմի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել էր՝ Իրանը ցանկանում է հավասարակշռված և բարիդրացիական հարաբերություններ հաստատատել Մերձավար Արևելքի արաբական աշխարհի հարևանների և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ՝ առաջարկելով  չհարձակման համաձայնագիր կնքել:

Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականի միջուկային համաձայնագրից և վերականգնեց ու խստացրեց Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Այս ամենի համապատկերին յուրատեսակ իմաստ է ստանում «Ինեկոբանկի»՝ իր հաճախորդների համար  տարածած հաղորդագրությունը, որում նշվել էր, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ ասիական երկրներից դեպի Հայաստան ապրանքների ներմուծման նպատակով, որպես բեռնափոխադրող տրանսպորտային միջոց, ընտրված են Իրանի կամ նրա հետ կապված տրանսպորտային կազմակերպություններ:

Բանկը տեղեկացրել էր, որ բեռնափոխադրող ընկերության իրանական ծագումը կամ բեռնափոխադրման իրականացումը Իրանի տարածքով կարող է հանդիսանալ ներմուծվող ապրանքների ձեռքբերման և բեռնափոխադրման ծախսերի համար բանկային փոխանցումների չեղարկման և թղթակից բանկերի կողմից դրամական միջոցների սառեցման պատճառ, քանի որ տվյալ երկրի մասով կան միջազգային պատժամիջոցներ՝ միաժամանակ առաջարկելով զերծ մնալ Իրանի հետ կապված փոխադրողների կամ Իրանի տարածքով փոխադրվող ապրանքների դիմաց բանկային հաշվեհամարով դրամական փոխանցումներ կատարելուց։

«Միաժամանակ, եթե այնուամենայնիվ կատարվեն դրամական փոխանցումներ Իրանի տարածքով կամ Իրանի հետ կապված բեռանափոխադրող կազմակերպությունների միջոցով, ապա այդ դրամական փոխանցումների չեղարկման կամ դրամական միջոցների սառեցման ողջ պատասխանատվությունը կրում է հաճախորդը»,-մասնավորապես՝  ասված է բանկի տարածած հայտարարության մեջ:

Իրանի շուրջ օղակն աստիճանաբար սեղմվում է, և հավանաբար հեռու չէ այն օրն, երբ այդ երկիրը կներքաշվի ռազմական բախման մեջ՝ կա՛մ տոտալ, կա՛մ տեղային մակարդակով: Նկատենք, որ երկու պարագայում էլ Հայաստանի համար աղետ կարող է դառնալ Իրանի ապակայունացումը ոչ միայն տնտեսական, այլև առաջին հերթին աշխարհաքաղաքական առումով, քանզի կասկած չկա, որ իրավիճակից կշտապի օգտվել Ադրբեջանը, որի՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու հարցում դրսևորած անվճռականության հարցում խիստ մեծ է Իրանի գործոնը: 2016-ի ապրիլյան պատերազմի ծավալման կանխարգելման հարցում Իրանի ունեցած դերն անգնահատելի է եղել, և այս երկիրն առաջինն է  հակազդել Ադրբեջանական ավանտյուրային՝  սթափեցնելով Բաքվի ռեժիմին:

Թե որքան մեծ է Իրանի նշանակությունը Հայաստանի համար բոլոր առումներով, կարծում ենք, չարժե մանրամասնորեն բացատրել:

Միևնույն ժամանակ բավական լուրջ հարցերի տեղիք է տալիս «Ինեկոբանկի» տարածած հայտարարությունը:

Ի՞նչ է սա նշանակում և ինչո՞ւ իրավիճակը չի պարզաբանվում պաշտոնական մակարդակով այն դեպքում, երբ հարցը խոշոր հաշվով վերաբերում է ոչ թե Իրանին, այլ Հայաստանին ու դրա տնտեսությանը և անվտանգությանը:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ կապված այն բանի հետ, թե կոնկրետ ի՞նչ դիրքորոշում պետք է Հայաստանը որդեգրի այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն: Հայաստանը կկարողանա՞ պահպանել չեզոքություն, թե՞ Երևանին կստիպեն  կոնկրետ վերաբերմունք որդեգրել տեղի ունենալիքի հանդեպ ու եթե հնարավոր է ներքաշել հակամարտության մեջ կամ ստիպել ասենք սահման փակել և այլն:

Շատ է խոսվում այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները չեն զարգանում այն թափով, ինչ ակնկալվում էր: Դիցուք ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին այցը նույնպես այդ հարցում փոփոխություն չմտցրեց: Նույնիսկ ասում են, որ այն անցել է բավական սառը մթնոլորտում, և հայկական կողմին չի հաջողվել արժանանալ ԱՄՆ իսթեբլիշմենթի բարձրաստիճան որևէ ներկայացուցչի պատշաճ ուշադրությանը:

Ամերիկյան կողմի սառնասրտությունը կարո՞ղ է պայմանավորված լինել մեր երկրի դիրքորոշմամբ՝ Իրանի նկատմամբ որդեգելու առավելագույն կառուցողական մոտեցում, թե՞ Վաշինգտոնում էլ են շատ լավ հասկանում, որ Հայաստանն այն երկիրը չէ, որը կարող է ու պետք է այս կամ այն կերպ միանա Իրանի դեմ հյուսվող դավադրությանը՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով և, առաջին հերթին, աշխարհագրությամբ:

Դատելով ԱՄՆ-ից ամիսներ առաջ հնչած հայտարարություններից՝ Վաշինգտոնում կարծես այնքան էլ անհաղորդ չեն  նմանօրինակ իրողություններին և հասկանում են Հայաստանի վիճակն ու Իրանի առաջ ունեցած պարտքի գործոնը՝ մի երկրի, որի դիրքորոշման արդյունքում նաև Հայաստանը կարողացավ հաղթել արցախյան գոյամարտում:

Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Մերձավոր Արևելքում եռացող կրքերը, որոնք այլևս սպառնում են տեղափոխվել Անդրկովկաս, լրջագույն մարտահրավեր են  դառնալու ոչ միայն նույն Հայաստանի, այլև այնպսի գերտերությունների համար, ինչպիսիք ասենք Ռուսաստանն ու Չինաստանն են: Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության հարցը ձեռք է բերում հսկայական նշանակություն ոչ միայն հայերիս, այլև աշխարհի հզորների համար՝ գլոբալ խաղի մակարդակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.