Արարատ Միրզոյանը ցրեց կասկածները

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի անդամի հերթական ընտրություններն, երբ ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածուն մերժվում է՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է. «ՀՀ օրենսդրությամբ նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, Ազգային ժողովն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև Ազգային ժողովի և նախագահի պատկերացումները համընկնեն»:

ԱԺ խոսնակը միաժամանակ համոզմունք  է հայտնել, որ սա որևիցե կերպ չի կարելի մեկնաբանել իբրև նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման կամ դրա բացակայության խնդիր. ԱԺ-ի կողմից նախագահին անվստահություն հայտնելու խնդիր գոյություն չունի:

Երկրում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին նախագահ Արմեն Սարգսյանի ձայնը մի տեսակ խլացել է: Ոմանք այլևս բացահայտորեն քննադատական գնահատականներ են հնչեցնում Սարգսյանի հասցեին՝ նրան մեղադրելով անհարկի պասիվության կամ համեստության մեջ, իսկ որոշ ընդդիմադիրներ էլ սկսել են բացահայտորեն հարցականի տակ դնել Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը:

Սարգսյանի առաջադրած թեկնածուի՝ հերթական անգամ մերժումը, փաստորեն, մի տեսակ կրակի վրա ավելացվող յուղի տպավորոթյուն է թողել՝ ոմանց մոտ առաջ բերելով  որոշակի հարցեր:

Կոնկրետ ինչո՞վ է պայմանավորված ԱԺ-նախագահ նմանօրինակ հակասությունը, արդյոք այդ հակամարտությունը, եթե կարելի է այն այդպես կոչել, ինքնաբո՞ւխ բնույթ  է կրում, թե՞ խորքային շերտեր է պարունակում իր մեջ՝ հանդիսանալով շատ ավելի գլոբալ խնդրի արտաքին դրսևորում:

Կա կարծիք, օրինակ, որ այս ճանապարհով  Փաշինյանը որոշակի ուղերձներ է փորձում հղել Արմեն Սարգսյանին՝ ցույց տալու համար Սահմանադրությամբ հատկացված նրա տեղը:

Միրզոյանը, սակայն, փաստացի հերքում է դավադրության տեսություն հիշեցնող այսօրինակ տեսակետներն ու իրավիճակին տալիս պարզ բացատրություն՝ այդ ամենը համարելով աշխատանքյին պրոցեսի բաղկացուցիչ մաս՝ առանց խորքային ենթաշերտերի:

Եվ իսկապես, գործնականում ի՞նչ հակասության մասին կարող է խոսք գնալ այն դեպքում, երբ դրա համար չկան որևիցե հիմքեր: Արմեն Սարգսյանն ինչո՞ւ պետք է բախվի Նիկոլ Փաշինյանին, ինչպես ասում են՝ բախվի, որ ի՞նչ անի, որ դառնա ընդդիմադիր ու լծվի նախորդ համակարգի վերակենդանացման անհույս գործին, թե՞ կյանքում նոր բարձունքներ նվաճի…

Որևիցե բախման մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ այդ բախումը պարզապես ոչ մեկին անհրաժեշտ չէ՝ ո՛չ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին, ո՛չ Արմեն Սարգսյանին և ոչ էլ, առավել ևս, հասարակությանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.