Ռուսաստանն «այո» է ասում Փաշինյանին

Մեկնաբանելով  Նիկոլ Փաշինյանի՝ օրերս հնչեցրած խոսքերը՝ նյութվող դավադրությունների մասին՝ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կոչ է արել Երևանին համապատասխան տվյալները տրամադրել Մոսկվային ու երաշխավորել վստահելի պաշտպանություն Երևանին այն դեքպում, եթե իրական սպառնալիքներ իսկապես կան:

«Մոսկվան միշտ կողմնակից է եղել և շարունակում է պաշտպանել սահմանադրական և միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանումը քաղաքականության մեջ: Եթե նախապատրաստվող դավադրության մասին լուրջ տեղեկություններ կան, ապա Երևանը կարող է դրանք տրամադրել Մոսկվային: Մեր երկրները դաշնակիցներ են, և մենք չենք կարող այլ կերպ վարվել, քան Հայաստանին օգնություն տրամադրել ապօրինի գործողությունների և դավադրությունների դեպքում»,-մասնավորապես՝ ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը ընդհանուր լեզու է գտել Հայաստանի ներկա իշխանությունների հետ:

Իսկ ահա խոսելով Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարելիք առաջիկա այցի մասին՝ Կալաշնիկովը կարծիք է հայտնել, որ այդ այցի ընթացքում երկկողմ կարևոր պայմանագրեր կկնքվեն Մոսկվայի և Երևանի միջև:

Միաժամանակ ստացվել է տեղեկություն այն մասին, որ ռուսական «Սիստեմա» ընկերությունը դարձյալ առաջարկել է տնօրենների խորհրդի կազմ ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Թերևս, մի փոքր դժվար է կոնկրետ եզրակացություն անել, թե ինչ կարող է նշանակել Մոսկվայի՝ Քոչարյանին արված առաջարկը, դրա նպատակը Քոչարյանի նկատմամբ կրկին  սեփական հովանավորչության ի ցույց դնե՞լն է, թե՞ դադար վերցնելու առաջարկ, սակայն միանշանակ է, որ Ռուսաստանում հասկացել են մեկ պարզ ճշմարտություն՝ ժամանակները փոխվել են, ու եկել է ժամանակն ադապտացվելու հայաստանյան նոր իրողություններին:

Կալաշնիկովի խոսքերն, անկսկած, պարզ հաճոյախոսություններ չեն՝ ուղղված Հայաստանին: Դրանցում արտացոլված են բավական խորքային հիմքեր,  որոնց հետ, փաստորեն,  Ռուսաստանը ստիպված է հաշվի նստել՝ անկախ ամեն ինչից: Քոչարյանի ժողովրդական վարկանիշը, մեղմ ասած, զրոյական է, ինչը նշանակում է, որ ոչ մի գերտերություն և առավել ևս Հայաստանում հասարակական տրամադրւթյունների հետ խնդիր ունեցող Մոսկվան, չեն կարող իրենց թույլ տալ հակառակ սթափ տրամաբանության ու սեփական ազգային շահերի բախվել ժողովրդի հովանավորությունը վայելող ներկայիս իշխանութունների հետ, և եթե ցանկություն կա Հայաստանի հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու, ապա ստիպված են լինելու պայմանավորվել հենց Փաշինյանի հետ, և սա, ի դեպ, այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ակնարկել են՝ պատրաստ են Ռուսաստանի հետ համակողմանի համագործակցություն ծավալել ու խորացնել երկկողմ փոխգործակցւթյունը բոլոր ուղղություններով՝  ռազմաքաղաքականից մինչև աշխարհատնտեսական:

Մյուս կողմից, իհարկե, Ռուսաստանը խնդիր ունի՝ վերահսկողության տակ պահելու նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում այժմ նկատվող կամ հետագա զարգացումները, և այս իմաստով ՌԴ համար անչափ ցանկալի է, որ Փաշինյանի իշխանությանն ընդդիմացողների շարքերում զգալի լինի հատկապես Քոչարյանի տեղը, և հենց նա դառնա այն բևեռը, որը փորձելու է «ձեռնոց նետել» իշխանություններին՝ անկախ այն հանգամանքից՝ կստացվի՞, թե՞ ոչ:

Ռուսաստանը, որն այսօր ստիպված է բախվել բազմաթիվ մարտահրավերների, խնդիր ունի՝ ոչ միայն ձեռք բերելու նոր դաշնակիցներ, տարածելու սեփական ազդեցությունն աշխարհում հնարավոր բոլոր միջոցներով, այլև չկորցնելու հին ընկերներին և այն էլ մի տարածաշրջանում, որի նկատմամբ հավակնություններ են դրսևորում ինչպես մյուս համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային տերությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.