Բարի լուր՝ Թունյանից. որոշել են իրավիճակը չբարդացնել

ԱԺ «Իմ քայլը» ներկայացնող պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկցարել է, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով:

«Առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):

Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ մի քանի անգամ ավելի քիչ»,-մասնավորապես՝ գրել է Թունյանը:

Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը տևական ցույցեր էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օրենք մշակելիս հաշվի առնել ոլորտում զբաղվածություն ունեցողների ու սեփականատերերի տնտեսական շահերը:  Սեփականբատերերը պնդում էին, որ հարկերի ու տուրքերի՝ բազմակի չափով բարձրացումն իրենց կանգնեցնելու է կրախի առաջ՝ ջուր լցնելով բանկերի ջրաղացին:

Կառավարութան  որոշ ներկայացուցիչներ էլ իրենց հակափաստարկներն էին բերում ու փորձում ապացուցել սեփական տեսակետի ճշմարտացիությունը:

Հիմա, փաստորեն, հայնի է  դառնում, որ որոշվել է ընդառաջել ոլորտում ներգրավված քաղաքացիների խնդրանքներին, պահանջներին և փաստի առաջ չկանգնեցնել ոլորտի ՓՄՁ-ներին:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նմանօրինակ որոշումը: Արդյոք որոշում կայացնելիս հաշվի է առնվել բացառապես խնդրի տնտեսակա՞ն բաղադրիչը, թե՞ այստեղ առկա է նաև քաղաքական ենթատեքստ:

Բանն այն է, որ, ինչպես նշում են որոշ ընդդիմադիրներ, վերջին շրջանում նկատվում է Փաշինյանի ժողովրդական վարկանիշի որոշակի անկում: Ճիշտ է՝ այդ անկումն էական չէ, սակայն ակներև է ,որ առաջվա էյֆորիան այլևս անցյալում է մնացել, և մարդիկ այժմ շատ ավելի սթափ են գնահատում իրավիճակն ու կոնկրետ ակնկալիքներ ունեն Կառավարությունից:

Այս իրավիճակում, երբ տնտեսությունն ակնհայտորեն աճում է  ոչ այնքան արագ, շատ խնդիրներ դեռևս մնում են չլուծված,  նույն գրավատների ու փոխանակման կետերի հարցում սխալ որոշումը կարող էր «կրակին ավելացվող յուղի» ազդեցություն ունենալ՝ առաջ բերելով դժգոհություններ առնվազը հասարակության այն հատվածի շրջանում, որը ներգրավված է  ոլորտում այս կամ այն չափով՝ իշխանությունների համար դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով:

Ամեն դեպքում պետք է խրախուսելի գնահատել իշխանությունների  նրբանկատությունն ու իրավիճակն է՛լ ավելի չբարդացնելու  իմաստնությունը: Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում  պետք է լինի մարդը, շարքային քաղաքացին, որ ենթադրում է այնպիսի օրենքների ընդունում, որոնց հիմքում առաջին հերթին փոքր ու միջին ձեռնարկությունների շահերն են հաշվի առնված, եթե, իհարկե, կա իրական ցանկություն՝ ստրուկտուրալ փոփոխություններ մտցնելու ՀՀ տնտեսութան մեջ: Իսկ նման ցանկություն, ինչպես հայտնի է, առկա է:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.