Աննա Հակոբյանի ուղերձն՝ Ալմաթիից. նուրբ խաղ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։

Ֆորումին «Վստահության ճգնաժամ. գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հաղթահարել դարերով շարունակվող անվստահությունը միմյանց նկատմամբ,ինչպես նաև համոզմունք հայտբնելով, որ առկա իրավիճակում լավագույն լուծումը վստահության ձևավորումն է պետությունների և հասարակությունների միջև:

Ֆորումի մոդերատորի այն հարցին, թե ինչպես է տեսնում այդ վստահության ձևավորումը, Աննա Հակոբյանը որպես օրինակ նշել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն Արցախում խաղաղության հաստատումն է։

«Սա մի նախաձեռնություն է, որ, թո՛ւյլ տվեք ասել, կարող է մեր տարածաշրջանում վստահության վերականգնման առաջին ծիլը դառնալ։ Ի՞նչ ենք մենք ասում այս նախաձեռնության շրջանակներում: Ասում ենք, որ որպես կին և մայր, կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին և միջնորդ երկրներին՝ երբեք և երբեք թույլ չտալու պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում  բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- ասել է Աննա Հակոբյանը։

Ի պատասխան քննարկմանը ներկա ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե «Կանայք հանուն խաղաղության» արշավով Աննա Հակոբյանը խաղաղության մասին է խոսում, մինչդեռ իր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում,  Աննա Հակոբյանը նշել է. «Այո՛, Արցախում պատերազմը չի ավարտվել, և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելու»։

Հեղափոխությունից հետո Հայաստանը սկսեց բավական ինքնատիպ արտաքին քաղաքականություն վարել, և այդ ինքնատիպությունն առաջին հերթին արտահայտվեց արցախյան խնդրում: Աննա Հակոբյանի վերջին հայտարարություններում, որոնք, փաստորեն, հնչում են բավական բարձր հարթակից՝ ի լուր ողջ աշխարհի, արտացոլված են այդ նոր քաղաքականության ինքնատիպ տարրերը: Ու չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետի տիկնոջ պացիֆիստական հայտարարությունները, հատկապես Բաքվից ժայթքող ռազմատենչության ֆոնին, բնավ տեղին չեն, սակայն անկասկած է, որ խաղաղասիրությունը, որը Հակոբյանը քարոզում է աշխարհով մեկ, առաջին հերթին նպատակամիտված է Հայաստանի դիրքերի հզորացմանը: Դրանց նպատակն, ըստ էության, մեկն է՝ ցույց տալ աշխարհին հայաստանյան իշխանությունների խաղաղասիրությունը Ադբեջանի ռազմատենչության ֆոնին՝ Բաքվի համար դրանից  բխող բոլոր հետևանքներով: Ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Բաքուն ստիպված է լիելու բացատրել աշխարհին, թե ինչու է մերժում Հայաստանի մեկնած ձեռքն այն պարագայում, երբ Երևանը հայտարարում է խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհին հավատարիմ լինելու պատրաստակամության մասին: Այսպիսով՝ Բաքվի համար խնդիր է լինելու ոչ միայն պատերազմ սկսելն ու այն հաջողությամբ ավարտին հսացնելն, այլև այն մարսելը կամ լեգիտիմացնելը:

Մյուս կողմից, իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե նմանօրինակ խաղաղասիրական կոչերով հնարավոր է զսպել Բաքվի ցինիզմը: Բնա՛վ: Սակայն ակներև է, որ հանդես գալով խաղաղության դիրքերից՝ Հայաստանը վաստակելու է լեգիտիմ իրավունք՝ հարկ եղած դեպքում և կոշտ հակահարձակման անցնելու ու կտրել-հասնելու մինչև Կուր-Արաքսյան խառնարան՝ այս անգամ ոչ թե խաղաղություն քարոզելու, այլ այն թշնամուն պարտադրելու համար:

Թո՛ղ հետո ոչ ոք մեզ չմեղադրի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.