Արտախորհրդարանական ընդդիմութան ֆիասկոն

Ազատութան հրապարակում տեղի ունեցած ՀՅԴ-ի՝ «Զարգանալու ենք չզիջելով, Լրջացե՛ք» կարգախոսով հանրահավաքը, որն անցկացնելու մասին այս քաղաքական ուժը հայտարարել էր օրերս, հետհեղափոխական Հայաստանում առաջին հանրահավաքն էր, որը կրում էր ընդդիմադիր բնույթ, և որի թաքնված թիրախում, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն էր:

Ակնհայտ է, թե իրականում որն էր նման հանրահավաք անցկացնելու արտախորհրդարանական այս ուժի ցանկությունը: ՀՅԴ-ն, որ ինքն իրեն փորձում է դիրքավորել, ինքն իրեն վերագտնել Հայաստանի քաղաքական կյանքում՝ ջանալով նպաստել արտախորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերի մոբիլիզացմանը, խնդիր ուներ յուրատեսակ «ջերմաստիճանի ստուգում» իրակաացնելու ոչ միայն իր, այլև, անշո՛ւշտ, մյուս բոլոր քաղաքական ուժերի համար. փորձում են ստուգել հասարակական տրամադրություններն ու, ըստ էության, հասկանալ, թե  որքան ռեսուրս ունեն՝ իշխանությունների դեմ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար, և, առհասարակ, ի՞նչ հեռանկարներ կան՝ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու:

Անշո՛ւշտ, իր այս ցանկության մեջ ՀՅԴ-ն միայնակ չէ, և այսօր գործնականում բոլոր արտախորհրդարանականների առաջ է ծառացած այդ խնդիրը, որ, թերևս, արդյունք է այն իրավիճակի, որ այժմ ստեղծվել է երկրում հետհեղափոխական Հայաստանում.  իշխանության է այն ուժը և այն մարդն, ում ժողովուրդը մեկ տարի առաջ մերկ ձեռքերի վրա իշխանության է բերել՝վստահելով պետության ղեկը:

Ի՞նչ ցույց տվեց հանրահավաքը, որը, փաստորեն, բավական սակավամարդ էր՝ հազարից մի փոքր ավելին:

Ցույց տվեց մեկ պարզ բան՝ հեղափոխական իշխանությունները հաջողացրել են չվատնել այն քաղաքական կապիտալը, որ մեկ տարի առաջ ժողովուրդը շնորհել էր իրենց, հակառակ պարագայում, անկասկած, ցույցի մասնակիցների թիվը շատ ավելի զգալի պետք է լիներ, և Ազատության հրապարակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ պետք է չլիներ: Մինչդեռ…

Մյուս կողմից՝  անվիճելի է նաև այն, որ Հայաստանի քաղաքական համակարգի աճի, բնականոն հասունացման տեսանկյունից նման հանրահավաքի անցկացումն ինչ-որ տեղ ողջունելի է: Արտախորհրդարանական ուժերը փորձում են հոգեվարքային վիճակից դուրս գալ, ինչն օգտակար ձգտում է, քանի որ  բոլոր դեպքերում դրանք քաղաքական որոշակի ռեսուրս են իրենցից ներկայացնում՝ անկախ այն հանգամանքից՝ քանի հոգի են կիսում այն քաղաքական օրակարգի բովանդակությունը, որն այդ ուժերը փորձում են իրենց համար ձևավորել:

Հեղափոխությունը կոչված է ոչ թե սպանելու քաղաքականությունն, այլ այն տեղավորելու միանգամայն նոր  տրամաբանության շրջանակներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.