Ամուլսարի հարցը հանգուցալուծվում է. մանիպուլյացիաների վերջը

«Հրապարակը», հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ լիբանանյան «ELARD» կազմակերպությունը, որին ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար է վճարել «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար, արդեն կազմել է նախնական եզրակացությունը, որը, ընդհանուր առմամբ, դրական է հանքը շահագործողի համար։

Թերթի տեղեկություններով՝ ընդամենը 5 ոչ էական դիտողություն է նշվել, որոնք պետք է շտկվեն ընկերության կողմից՝ հանքի վերագործարկումից առաջ։ Եզրակացությունը դեռ շահառուին չի ներկայացվել:

Եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, և իսկապես երրորդ փորձաքննության արդյունքներն այնպիսին են, ինչպես ներկայացվում է, ապա Ամուլսարի թեման այլևս կարելի է փակված համարել բոլոր նրանց համար, ովքեր  բավական տևական ժամանակ տարբեր  մանիպուլյացիոն հնարքներով թե՛ հասարակությանը, թե՛  երկրի ղեկավարւթյանը փորձում էին համոզել, թե իբր հանքի շահագործումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ Հայաստանի ջրային ավազանի համար:

Կառավարությունն, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ չի վստահում նախորդ երկու փորձաքննություններին և կընդունի վերջնական որոշում այն բանից հետո, երբ երրորդ փորձաքննությունը կհաստատի նախորդ երկուսի արդյունքները:

Գրեթե կասկած չկա, որ ամեն բան  հենց այդպես էլ լինելու է: Սակայն այս պարագայում մեկ այլ հարց է առաջ գալիս. «բնապահպան» կոչեցյալները որքանո՞վ  իրենց մեջ ուժ ու բարոյականություն կգտնեն՝ խոստովանելու սեփական պնդումների դատարկությունն, արդյոք չե՞ն դիմի  անկանխատեսելի գործողությունների՝  այս անգամ արդեն «սուրն ուղղելով» ոչ թե «Լիդիանի», այլ երկրի ղեկավարության դեմ՝ նրանց նույնպես, ինչպես նախորդներին, մեղադրելով ասենք Ամուլսարի դեմ կազմակերպված «դավադրությանը» մասնակից դառնալու մեջ:

 Ակնհայտ է, որ նման վտանգ իսկապես առկա է, ուստի՝ մնում է միայն հուսալ, որ Կառավարությունն այնքան կամք կցուցաբերի, որ վերջնական որոշում կայացնելիս իսկապես չի տրվի սպեկուլյատիվ տրյուկների ու կլինի սեփական խոսքի տերը:

Հանքը չշահագործելու պատճառ պարզապես չկա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.