Ադրբեջանը բացահայտ սպառնում է. Արևմուտքը չի՞ միջամտի

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է հրապարակել, ուր երևում է, թե ինչպես են դրանում պատկերված ադբեջանցի զինվորները շարքերով գրել հետևյալ տեքստը. «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասե՛ք մեզ»…»:

Ընդ որում՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ փոխանցմամբ՝ Ադրբեջանի զորավարժությունների երկրորդ օրը Ջաքիր Հասանովն անձամբ է մասնակցել հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի վարժանքներին:

Փաստորեն՝ ազերի ասկյարների այսօրինակ ռազմատենչ ժեստը պետք է համարել ոչ թե ինքնագործունեության նպատակ, այլ հստակ ուղերձ՝ Երևանին՝ անմիջապես պաշտոնական Բաքվից. Ադրբեջանը ողջ թափով պատրաստվում է պատերազմի,և դրանում ոչ մի կասկած չկա:

Ազերիական ռազմատենչության հերթական ալիքի բռնկումն ուշագրավ է հատկապես Հայաստանում ընթացող ու նոր շրջափուլ թևակոխող բարեփոխումների, ինքնամաքրման պրոցեսների ֆոնին: Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ դատաիրավական համակարգում ծայր առած արմատական բարեփոխումներին միտված գործընթացը, որը, փաստորեն, վճռորոշ փուլ մտավ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտնի ելույթից  անմիջապես հետո, ակնհայտորեն վայելում է դրսի՝ կոլեկտիվ Արևուտքի աջակցությունը:

Հայտնի է դարձել, օրինակ, որ այս գիշեր ԱՄՆ-ից Հայաստան է ուղևորվելու մի ամերիկացի փորձագետ, ով օգնելու է մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը: Սրան զուգահեռ, ինչպես հայտնի է,  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ԵԽԽՎ համազեկուցողները, ՀՀ-ում ԵՄ դեսպանը իրենց քաղաքական աջակցությունն են հայտնել իշխանությունների նախաձեռնությանը՝ շեշտելով այդ գործընթացում ՀՀ սահմանադրությանը համահունչ գործելու անհրաժեշտությունը:

Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Արևմուտքը կատարելապես  աջակցում է Հայաստանում հեղափոխությամբ սկիզբ առած բարեփոխումներին, որոնց կուլմինացիոն կետերից մեկն էլ, փաստորեն, դառնալու է այս օրերին թափ հավաքող պրոցեսը:

Ինչ խոսք՝ ինքնին ուրախալի է նման փաստի արձանագրումը, սակայն հարց է այն,թե արդյոք նույն Աևուտքը գիտակցո՞ւմ է, թե ինչ կարող է պատահել, եթե, այնուամենայնիվ, Բաքուն որոշի գնալ արկածախնդրության ու հուժկու պատերազմ հրահրել՝ վերածվելով ապակայունացնող գլխավոր կենտրոնի ոչ միայն Անդոկվկասում, այլև սպառանլիք դառնալով հարակից տարածաշրջանների համար: Արևմուտքում մտավախություն չունե՞ն, որ Հայաստանում սկիզբ առած ու նույն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հովանավորությունը վայելող բարեփոխումները ոչ միայն կարող են դանդաղել, այլև նույնիսկ տեղի չունենալ. պատերազմող երկրում, որը կանգնում է լինել-չլինելու խնդրի առաջ, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը մղվում է առնվազն ութերորդ պլան: Սա աքսիոմ է, և Հայաստանը բնավ բացառություն չի դառնալու:

Եվ ուրեմն՝ եթե քաղաքակիրթ աշխարհն իսկապես շահագրգռված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմամբ, դրանց բնականոն շարունակականությամբ, ապա միանշանակորեն պետք է ամեն ջանք գոծադրի՝ առաջին հերթին զսպելու Ադրբեջանին,  Ալիևին հասկացնելու, որ  պատերազմի պարագայում իրադարձությունները կարող են զարգանալ  բնավ ոչ այնպես, ինչպես ցանկանում են Բաքվում: Ասել կուզի՝ Ալիևին զսպելու  հարցում այսօր շահագրգռվածություն պետք է դրսևորի ոչ միայն պաշտոնական Երևանը, որն ամեն ինչ անում է դրա համար՝ դիլով այդ թվում և Արևմուքին, այլև նույն Արևմուտքը՝ ելնելով առնվազը սեփական շահերից ու նպատակներից, որոնց առանցքն, ինչպես հայտնի է, Անդրկովկասում ունեցած դերի ու ազդեցութան մեծացումն է առաջին հերթին ժողովրդավարության տարածման միջոցով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.