Քոչարյանի ճակատագիրը՝ Հրայր Թովմասյանի ձեռքերում. անդրկուլիսյան խաղեր

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Վահե Գրիգորյանն ֆեյսբուքյան գրառմամբ  անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը (Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան, քանի որ դատավորը գտել էր, որ կիրառվող նորմի հետ սահմանադրականությանն առնչվող հարց կա), որում համոզմունք է հայտնել, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ դատավոր Դ․ Գրիգորյանի որոշմամբ գործի քննություն սկսել, քանի որ, հակառակ դեպքում՝ հենց իր որոշմամբ է խախտելու տուժողների բողոքարկման իրավունքը:

«Բայց դեռ կերևա, թե այս գործն ինչու է այսպիսի շտապողականությամբ հասել ՍԴ։ Եվ դա կերևա հենց ՍԴ կողմից գործով քննության մասին որոշումից։ Մի բան փաստված է, որ մի շարք նյութական և դատավարական իրավունքի խախտումներով դատավոր Գրիգորյանը բերանքսիվայր և ամեն գնով «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործը սրընթաց հասցրել է ՍԴ։ Սա, թերևս, աննախադեպ և ոչ պատահական շտապողականություն է…»,-մասնավորապես՝ գրել է դատապաշտպանը:

Չնայած դատավոր Գրիգորյանի կողմից կայացված որոշման հարցում իրավաբանների տեսակետները կարծես չեն համընկնում՝ արժանանալով հակոտնյա մեկնաբանությունների (որոշ սահմանադրագետներ, օրինակ շտապել են հակադարձել Գրիգորյանին՝ վկայակոչելով, մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը և այլն), սակայն էականն այստեղ հարցի ոչ այնքան իրավական, որքան, թերևս, դրա քաղաքական կողմն է:

Շատ է խոսվել այն մասին, որ հեղափոխությունը դատական համակարգ դեռևս չի հասցրել ներթափանցել, և շատ դատավորներ աշխատել ու շարունակում են իրենց պարտականությունները կատարել՝ հին համակարգի տրամաբանությունից ելնելով: Ավելին՝ դատավորների ջախջախիչ մեծամասնությունն այսօր այս կամ այն կերպ իրենց անձով իսկ խորհրդանշում են հին, կոռումպացված համակարգը, և դա բոլորվին նորություն չէ,և պետք է նկատել, որ Փաշինյանի՝ մայիսի 20-ի ուղերձը հենց այս իրավիճակը փոխելուն էր միտված:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել դատավոր Գրիգորյանի՝ բոլորի համար անակնկալ դարձած որոշումը՝ օգտվելու Հրայր Թովմասյանի ծառայություններից՝ մեկի, ով, փաստորեն, անվիճելիորեն հանդիսանում է հին համակարգի ամենավառ ներկայացուցիչներից մեկն, ում, սակայն, հաջողվել է անմասն մնալ ներքին քաղաքական զարգացումներից՝ դրսևորելով առավելագույն չեզոքություն:

Հրայր Թովմասյանի առաջ, փաստոեն, հառնում է չափազանց բարդ մի խնդիր. նրա գրչի հարվածի ուղղությունից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե կհաջողվի՞, արդյոք, ՀՀ իշխանություններին պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին՝ այսպիսով բավարարելով հանրային լայն պահանջը, թե՞ ոչ: Արդյոք Թովմասյանը կարողացե՞լ է կարդալ Փաշինյանի ուղերձների տողատակերը՝ դատական համակարգը ծառայեցնելու հասարակությանն ու դրա ներսում արդարության մթնոլորտի հաստատմանը, թե՞ նա  կնախընտրի  մտնել անդրկուլիսյան խաղերի մեջ ու  պաշտպանել հին, այլևս հաղթահարված համակարգի գլխավոր շինարարի շահերը՝ հակառակ ռացիոնալիզմի բոլոր օրենքների: Ահա թե որն է գլխավոր հարցադրումը:

Մյուս կողմից՝ ցանկություն կա հավատալու, որ ինչ որոշում էլ ՍԴ-ն կայացնի, ի վիճակի կլինի այն հիմավորել օրենքով ու երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող փաստարկներով, հակառակ պարագայում ամեն բան կարող է իսկապես շատ վատ վերջանալ ոչ միայն անձամբ Հրայր Թովմասյանի, այլև ՍԴ-ի՝ որպես բացառիկ գործառույթներ իրականացնող կառույցի համար:

 

Մեկնաբանություններ