Նիկոլ Փաշինյանը շրջեց էջը. սկզբունքորեն այլ իրավիճակ

Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ի ուղերձը՝  վերաբերող դատաիրավական համակարգին, բավական լուրջ արձագանքների տեղիք է տվել ամենատարբեր շրջանակների կողմից՝ արժանանալով մեծ արձագանքի: Նույնիսկ հնչում է տեսակետ, որ վարչապետի ելույթի բուն պատճառը Ռոբետ Քոչարյանի վերաբերյալ դատարանի կայացրած հայտնի որոշումն է դարձել: Ոմանք էլ, հեռուն գնալով, շտապել են Փաշինյանի ելույթը գնահատել որպես Քոչարյանի դեմ իբր շարունակվող «վենդետայի» ծայրահեղ դրսևորում: Բանը հասել է նրան, որ որոշներ նույնիսկ սկսել են տագնապ հնչեցնել քաղաքացիական բախումների հավանականության վերաբերյալ:

Իրականում, սակայն, նմանօրինակ մեկնաբանությունները խիստ մակերեսային են և չեն արտացոլում ռեալ իրավիճակը:

Կառավարությունում ունեցած ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում  կոչ է արել ու խնդրել ցուցարարներին ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

«Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»,-մասնավորապես՝ հայտարարել է Փաշինյանը:

Այսպիսով՝ Փաշինյանը բացահայտել  է կառավարությունում նույն օրն ունեցած իր ելույթի հիմնական տողատակը:

Երկրում տեղի ունեցած հեղափոխությունն, իսկ ավելի ճիշտ՝ դրա արժեհամակարգը, այս ամիսների ընթացքում, ցավոք, չի հասցրել արմատավորվել  երկրի կյանքի բոլոր բնագավառներում հավասարապես, և դա առաջին հերթին վերաբերում է դատարաններին, դատաիրավական համակարգին:

Որքան էլ ցավալի է խոստովանելը, փաստ է, սակայն, որ այդ համակարգը դեռևս շարունակում է գործարնավարել հին տրամաբանությամբ՝ առնվազը շատ դեպքերում: Սա նշանակում է, որ հեղափոխության հաղթանակն երկրում շատ իմաստներով կկրի ֆիկտիվ բնույթ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններին չի հաջողվել հեղափոխությունը մտցնել առաջին հերթին հենց դատարաններ: Եթե Հայաստանում չձևավորվեն անկախ դատարաններ, դատական ողջ համակարգն իսկապես չմաքրվի, ապա նույն տնտեսական հեղափոխության մասին կարելի կլինի մոռանալ հավետ.  Հայաստանում զգալի ներդրումներ չեն լիելու, քանի դեռ դատարաններն աշխատում են հին տրամաբանությամբ, և սա քննարկման ենթակա չէ:

Իշխանություններն, անշո՛ւշտ, շատ լավ հասկանում են այն վտանգը, որ բխում է այդպես էլ չհեղափոխված դատական համակարգից: Ընդ որում՝ վտանգը նաև քաղաքական է, քանի որ հասարակությունը դեռ շարունակում է սպասել խոստացված փոփոխություններին ու տնտեսական թռիչքին, ինչը, փաստացի, տեղի չի ունենում և տեղի չի ունենում նաև հենց այն պատճառով, որ օրենքի գերակայությունն այսօր Հայաստանում բացարձակ չէ, ինչն էլ, փաստորեն, արդյունք է ոչ անկախ,շատ դեպքերում կոռումպացված դատական սիստեմի: Փաշինյանը չի ցանկանում հիասթափեցնել ժողովրդին ու հիմա ստիպված է արտակարգ միջոցառումների օգնությամբ կանխել հավանական անկումը:

Փաշինյանը պատերազմ է հայտարարում հին, փտած դատական համակարգին՝ այդ հարցում ունենալով հասարկության բացարձակ աջակցությունը, կատարելով, ըստ էության, իրեն իշխանությամբ օժտած ազգաբնակչության ներքին պահանջը:

Մեկնաբանություններ