Ապրիլյան պատերազմի հարցով լյուստրացիա կանցկացվի

Մայիսի 20-ի ելույթում  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է առաջիկայում խորհրդարանում ստեղծվելիք  ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի  անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,-մասնավորապես՝ հայտարարել է վարչապետը:

Փաշինյանի այսօրինակ հայտարությունը չափազանց ուշագրավ է և ոչ պակաս էական, քան դատական համակարգին առնչվող նրա համապատասխան հայտարարությունները: Ավելին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից  սանձազերծվելիք նոր պատերազմի իրական վտանգը՝ վարչապետի խոսքերը ձեռք են բերում հատուկ նշանակություն:

2016-ի ապրիլյան պատերազմից մինչ հիմա չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ  իրականում տեղի է ունեցել դավադրություն, իսկ Ադրբեջանին հայկական հողերից դուրս շպրտելու հարցում ՀՀ զինված ուժերի ունեցած դժվարություններն իրականում կրել են սուբյեկտիվ բնույթ՝ հիմնականում ներքին ծագման:

Ակնհայտ է, որ վաղ թե ուշ, իսկ ավելի հավանական է՝ տեսանելի ապագայում, Բաքուն սկսելու է նոր պատերազմ: Ասվածը միանգամայն իրատեսական է թվում հատկապես վերջին լայնածավալ զորավարժության ֆոնին, որը վերջին ամիսների ընթացքում, փաստորեն, երրորդ լայնամասշտաբ ռազմական միջոցառումն է՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների առաջ այժմ հառնել է ոչ միայն թշնամուն հավանական պատերազմում ցնցող հարված հասցնելու խնդիրն, այլև այդ հարվածն արգելակող ներքին կապանքներից ազատելու ու դավադրությունները, կործանարար փնթիությունը բացառելու՝ թիկունքում: Փաշինյանն, ըստ էության, խնդիր է դրել հետաքննել ապրիլյան իրադարձություններն ու պեղել հավանական մեղավորներին՝ նրանց պատասխանատվության ենթարկելու ու  հետագայում բանակի ներսում անցանկալի երևույթները բացառելու, բանակը ներսից ամրապնդելու, այն մութ գործարքներից պաշտպանելու համար:

Ավելորդ լավատեսությամբ տառապել պետք չէ: Բաքուն ակնհայտորեն «ատամները սրում»  ու պատրաստվում է  լուծել իր խնդիրը, ինչին հակառակ Հայաստանը պարտավոր է լինելու հանգուցալուծել սեփական պրոբլեմները՝ բացառելով  համակարգային թերություններից բխող բոլոր վտանգները, և հենց այդ խնդրի լուծմանն են միտված Փաշինյանի  ելույթում հնչեցրած կարևոր շեշտադրումները:

 

Մեկնաբանություններ