Ի՞նչ փաստեց դատարանի սենսացիոն վճիռը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում է կայացրել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Ինչպես հայտնի է, հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։

Արձագանքելով տեղի ունեցածին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ փաստելով՝ Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայությունն են:

«Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը: Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը: Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»,-նշել է Վլադիմիր Կարապետյանը:

Կատարվածը շատերին իսկապես անակնկալի է բերել: Տարբեր կողմերից սկսել են նույնիսկ մեղադրանքներ հնչել Փաշինյանի հասցեին. նրան մեղադրում են «անհետևողականության» մեջ: Վարչապետի կողմնակցները, որպես բողոքի նշան, բողոքի ակցիաներ են իրականցնում՝ ի ցույց դնելու իրենց դժգոհությունը և այլն:

Ի դեպ՝ մայիսի 17-ին էլ, ինչպես հայտնի է, ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, բավարարել էր Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի՝ հանձնաժողովին պարտավորեցնելով ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս: Տեղի ունեցածն, ինչպես Քոչարյանի պարագայում, տեղիք էր տվել զանազան մեկնաբանությունների ու տրտունջքների:

Անկախ այն հանգամանքից՝ ով ինչ է մտածում կոնկրետ Քոչարյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ, պետք է փաստել, որ կատարվածը ապացուցում է մեկ պարզ ճշմարտություն՝ Հայաստանում ընթացող իրավական պրոցեսներն ու աղմկահարույց դատավարությունները որևիցե քաղաքական ենթատեքստ չեն պարունակում իրենց խորքում, և այդ ամենն արդյունք է ընդամենը տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրում ընթացող դատաիրավական համակարգի բարեփոխումների ու դրա ներսում արժեքների վերարժևորման:

Ի դեպ՝ հարկ է  արձանագրել, որ դատարանի համապատասխան վճիռը անխուսափելիորեն փաստում է այն, որ Քոչարյանի պաշտպանների այն շարունակական պնդումները, թե իբր տեղի ուենցողն իրենց պաշտպանյալի հանդեպ իրականացվող քաղաքական «վենդետայի» հետևանք է, կատարելապես մերկապարանոց են և նպատակ ունեն ընդամենը վարկաբեկելու ՀՀ իշխանություններին: Կասկածից վեր է, որ եթե Քոչարյանի դատապաշտպանների պնդումները դույզն ինչ համապատասխանեին իրականությանն, ապա դատարանի վճիռը միանգամայն այլ տեսք էր ունենալու, քանի որ միայն այն, որ Քոչարյանի ազատ արձակման հետևանքով հնարավոր է տուժեն հենց իշխանությունները, նրանց ժողովրդական հեղինակությունը, բավարար հիմք էր, որպեսզի նման որոշում չկայացվեր այն դեպքում, եթե պրոցեսն իսկապես կրեր պատվիրված բնույթ:

Մյուս կողմից՝ խնդիր է առաջանում նաև հասարակական  պառակտում թույլ չտալու. դատարանի որոշումը որևիցե պարագայում և որևիցե մեկի կողմից չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն:

Ավելին՝ դատարանի որոշումը կարող է ոչ միայն փաստական ապացույց դառնալ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգի վերածննդի, իքնամաքրման, այլև նպաստել հատկապես Հայաստան-Արցախ երկոխության ամրապնդմանն ու կատարյալ փոխվստահության վերականգմանը:  Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչ կկատարվեր, եթե Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավոման պարագայում անգամ դատարանն այլ որոշում կայացներ. դա իսկապես նոր անդունդ կգոյացներ Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև՝  հղի բազմաթիվ անկանխատեսելի հետևանքներով հատկապես անխուսափելի թվացող պատերազմի ֆոնին:

Այսպիսով՝ պետք է փաստել, որ դատարանը որոշում կայացնելիս առաջնորդվել է բացառապես օրենքի տառով, դատարանի վրա որևիցե ճնշում չի եղել, որևիցե մեկի շահերը դատարանը չի սպասարկել, ինչն, անկակսած, խոսում է ժողովրդավարական արժեքների հաղթանակի մասին մի համակարգում, ուր, թվում է, «սայլը տեղի շարժել» հնարավոր չէ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.