Փաշինյանի նախազգուշացումը՝ Ռուսաստանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցարզույցում անդրադառնալով ԼՂ խնդրին, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հավանական սրացումը արմատական իսլամիստների համար կարող է լավ առիթ դառնալ՝ հաստատվելու Ադրբեջանում:

Փաշինյանի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո ԻՊ գրոհայիններն ինքնադրսևորվելու նոր վայրեր են փնտրում, և այդ իմաստով Ադրբեջանը կարող է շատ հարմար վայր լինել նրանց համար՝ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ գործելու համար:

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում լարվածության հաջորդ բռնկումը լոկալ բնույթ չի կրելու և դուրս է գալու Հարավային Կովկասի սահմաններից:

Միաժամանակ ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ այս վտանգի մասին գիտեն նաև նույն Մոսկվայում, որը ջանք չի խնայելու հասնելու խնդրի կարգավորմանը՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

«Ես չեմ կարող հավատալ, որ երբ անհրաժեշտություն լինի, Ռուսաստանը չի օգտագործի այդ լծակները»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ համոզմունք հայտելով, որ ՌԴ-ն իր ձեռքի տակ ունի բոլոր անհրաժեշտ գործիքակազմերը՝ թույլ չտալու իրադարձությունների զարգացման որևիցե ողբերգական սցենար:

Փաշինյանի մատնանշած խծնդրն, անշո՛ւշտ, միանգամայն իրական է: Մերձավր Արևելքում փաստացի ջախջախվելուց հետո իսլամիստ ծայրահեղականներն այժմ նպատակային փնտրտուքի մեջ են, թե որտեղ պետք է իրացնեն իրենց հակամարդկային ներուժը՝ կոտորելով, մահ ու սարսափ սփռելով:

Կա տեսակետ, որ իրականում թե՛ իսլամիզմը, թե՛ նույն «Իսլամական պետություն» պրոյեկտը որոշակի արևմտյան որոշակի շրջանակների կողմից ֆինասնավորվող, նրանց կողմից առաջ մղվող պրոյեկտ են, որոնց թիրախն իրականում  ԱՄՆ մրցակից տերություններն են և առաջին հերթին Ռուսաստանն ու Չինաստանը (այս իմաստով հատկանշական է այն, որ Փաշինյանը խոսում է այս ամենի մասին Չինաստան կատարած այցից օրեր անց):

Թե որքանով է այդ պնդումը հաստատապես ճշմարտացի, թերևս, դժվար է ասել, սակայն այն, որ վտանգ իսկապես կա, երկրորդ կարծիք լինել չի կարող:

Այն ենթատեքստը, որը Փաշինյանը դնում է իր խոսքերում, անկասկած, ունի նաև խորքային շերտեր: Մոսկվայի վրա դնելով պատասխանատվությունն Անդրկովկասի անվտանգության ապահովման խնդրում՝ Փաշինյանը մի կողմից ընդգծում է տարածաշրջանում Ռուսաստանի անձեռնմխելի հեգեմոնիայի փաստը՝ այն չվիճարկելով, մյուս կողմից, փաստորեն, միաձուլում Ռուսաստանի ու Երևանի շահերը՝ պնդելով՝ Ադրբեջանին զսպելը բխում է ոչ միայն հայերի, այլև նույն ռուսների ազգային շահերից, և եթե ինչ-որ մեկը փորձի «պղտոր ջրում ձուկ որսալ», ապա հետևանքները կարող են իսկապես ողբերգական լինել՝ հանգեցնելով տոտալ քաոսի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի սահմանին մոտ՝ մի երկրի որի կայունացնող դերն,ի դեպ, առավել քան նշանակալից է, և այս իմաստով Փաշինյանի խոսքերում  կա նաև թաքնված ուղերձ՝ նաև Թեհրանին, որը, թերևս, առավել քան մյուսները, շատ լավ հասկանում է Փաշինյանի խոսքերի արժեքը:

Թե ինչպե՞ս կընկալեն ՀՀ վարչապետի խոսքերը Կրեմլում, թերևս, դժվար է ասել, սակայն հատկապես Իրանի հետ Արևմուտքի բախման հնարավորության ֆոնին Փաշինյանի խոսքերն իսկապես  հրատապ են հնչում, և եթե  դրանցից համապատասխան հետևություններ չարվեն, ապա դժվար է ենթադրել, թե ինչ ճակատագիր բաժին կհասնի Անդրկովկասին այն դեպքում, երբ Բաքուն բնավ չի թաքցնում զենքին դիմելու իր բուռն ցանկությունը՝ պարբերաբար հուժկու զորավարժություններ անցկացնելով, «մատ թափ տալով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.