Իշխանությունները բախման չեն գնա

Մայիսի 16-ի կառավարության նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախի ներկա և նախկին նախագահների՝ ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխման համար ՀՀ դատախազությանն ուղղված դիմումին, հայտարարել է, որ որևիցե կերպ, որևիցե գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա։ «Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը լինի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայցը կլինի դատարանին, նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջացնել»,-մասնավորապես՝ հայտարարել է Ավինյանը:

Ավինյանի խոսքերն ուշագրավ են հնչում հատկապես Ղուկասյանի ու Սահակյանի՝ նույն օրը դատարան ներկայանալու ֆոնին:

Վերջին շրջանում հաճախ են հնչում կարծիքներ այն մասին, որ արցախյան իշխանությունների՝ անթաքույց քոչարյանամետ կեցվածքը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել Հայաստան-Արցախ միջպետական   հարաբերությունների վրա: Նմանօրինակ մեկնաբանություններն է՛լ ավելի ակտիվացան, երբ Փաշինյանը մայիսի 10-ին գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում՝ ակնհայտ նախազգուշական նոտա հղելով արցախյան իշխանություններին:

Ավինյանի խոսքերը, չնայած առաջին հայացքից կարող են թվալ հակասական, սակայն իրականում դրանք արդյունք են պետական մտածողության, որ բնորոշ է իշխանություններին: Ավինյանի խոսքերից հետևում է, որ հայաստանյան իշխանություններն, այնուամենանիվ, հակված չեն գույները խտացնելուն և Արցախի ներկա ու նախկին նախագահների համապատասխան քայլն ասենք հակահեղափոխություն համարելուն:

Իշխանոթյունների զուսպ մոտեցումն այսչափ զգայուն խնդրին, անկասկած, բխում է հատկապես և առաջին հերթին այն իրողություններից, որում այժմ հայտնվել են հայկական երկու պետությունները: Մի իրավիճակում, երբ թշնամին «սրում է ատամներն» ու պատրաստվում հերթական լայնածավալ զորավարժությունների՝ մայիսի վերջերին, անթույլատրելի է արհեստական ջրբաժանների ստեղծումն ու օդում խնդիրներ փնտրելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.