Արցախի նախագահների պատասխանը՝ Փաշինյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, ուր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ԼՂՀ ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության տեքստը:

«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,-մասնավորապես՝ նշվում է երաշխավորության նամակում:

Դատավորն, իր հերթին, հայտարարել է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը:

Տեղի ունեցածն, անկասկած, ուշագրավ է  հատկապես Փաշինյանի՝ մայիսի 10-ի ֆեյսբուքյան գրառման համապատկերին, ուր, ինչպես հայտնի է, վարչապետը փաստացի սպառնացել էր հեղափոխությունը տեղափոխել Արցախ: «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,-մասնավորաբար՝ հայտարարել էր վարչապետը:

Բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տված այս գրառումից մի քան օր անց, փաստորեն, տեղի է ունենում մի բան, որն ակնհայտորեն չի բխում այդ գրառման ոգուց, ավելին՝ Սահակյանն ու Ղուկասյանն, երաշխավորելով Քոչարյանին, փաստացի «յուղ են ավելացնում թեժացող կրակին»՝ այդ քայլով ապացուցելով, որ մտադիր չեն նահանջել  ոչ մի պարագայում և շարունակելու են անփոփոխ պահել նախկինում  որդեգրած կեցվածքը:

Ինչպե՞ս կարձագանքի սրան Փաշինյանը: Այս անգա՞մ էլ հանդես կգա նախազգուշական ֆեյսբուքյան գրառմամբ, թե՞ կնախընտրի ավելի գործնական քայլերի դիմել՝ իր վերաբերմունքն արտահայտելով շատ ավելի ազդու կերպով: Եթե այո, ապա հետաքրքիր է՝ ի՞նչ քայլերի կդիմի երկրի վարչապետը՝ հաշվի անելով Հայաստան-Արցախ հարաբերությունների նրբությունը:

Մյուս կողմից, իհարկե, Արցախի ներկա ու նախկին ղեկավարների քայլը չի կարելի որակել՝ հակափաշինյանական: Նրանք, թերևս, այս քայլով, ճիտին պարտքն են հատուցում Քոչարյանի առաջ, և խոշոր իմաստով սա ավելի շատ բարոյական ենթատեքստ ունեցող քայլ է, քան մեկ այլ բան: Հակահեղափոխությանը սատարելու մասին խոսք լինել չի կարող. Քոչարյանն անցած էտապ է, շրջված էջ, և սա գիտակցում են բոլորը, Արցախում նույնպես:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.