Նիկոլ Փաշինյանի նախազգուշական ուղերձն՝ արցախյան վերնախավին

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:

Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:

Սա  վարչապետ Փաշինյանի՝ Արցախ այցից հետո արված ֆեյսբուքյան գրառման ամբողջական մեջբերումն է, որը նա կատարել է մայիսի 10-ին:

Փաշինյանի խոսքերը բավական ուշագրավ տողատակեր են պարունակում՝ ստեղծելով հակասական տպավորություն ու առաջ բերելով հարցեր: Վարչապետն իր վերջին այցի արդյունքում ինչ-որ տագնապալից ազդանշաննե՞ր է նկատել Արցախում, թե՞, պարզապես, որոշել է օգտվել առիթից ու  անբռնազբոս ուղերձ հղել արցախյան քաղաքական ղեկավարությանը՝ կապված Քոչարյանին ուղղված հայտնի նամակի հետ՝ նախազգուշացնելով հնարավոր հակաքայլերի մասին այն դեպքում, եթե  որոշ պրոցեսներ շեղվեն իրենց հունից ու ձեռք բերեն անցանկալի երանգներ:

1-in.am-ին տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով  Սահակյանի ու Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղարկած նամակում տեղ գտած հայտնի շեշտադրումները, դրանք մարդասիրական պոռթկման յուրատեսակ արտահայտություն է համարել՝ հայտարարելով. «Նամակը պետք է դիտարկել պարզապես մարդասիրական տիրույթում և ոչ թե միջամտություն համարել։ Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ, անթույլատրելի է. սա պետք է դիտարկել մարդասիրական տեսանկյունից, այլ ոչ թե ներքին քաղաքական միջամտությունների և այլ գործընթացների տիրույթում»:

Կարելի՞ է, արդյոք, Բաբայանի զգուշավոր հայտարարություններն  անմիջական հետևանք համարել Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցի: Բակո Սահակյանն ու նիկոլ Փաշինյանը արծարծե՞լ են «հեղափոխություն-հակահեղափոխություն» թեման, այդ կոնտեքստում անդրադարձ եղե՞լ է կոնկրետ Քոչարյանի թեմային, թե՞ Արցախում ամեն բան հասկացել են դեռևս նախքան Փաշինյանի՝ Արցախ մեկնելը: Եթե ամեն բան կողմերի միջև լիարժեքորեն պարզաբանված է ու հարցը փակված, ապա Փաշինյանն ինչո՞ւ է  այդբովանդակ ուղերձ հղում, միայն պրոֆիլակտիկ նպատակներո՞վ, թե՞ որոշակի պրոցեսներ, այնուամենայնիվ, շարուակում են եռալ՝ «տակից» ու Փաշինյանի նպատակն է՝ դրանք «խեղդել օրորոցում»:

Ինչ էլ լինի, փաստը մնում է անվիճարկելի, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն ոչինչ չունեն արցախյան ղեկավարության դեմ: Փաշինյանն, ըստ էության, միայն մեկ բան է պնդում. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, արցախյան ղեկավարության ոչ պրագմատիկ վարքագծի հետևանքով, չպետք է դառնա անջրպետ Հայաստանի ու Արցախի միջև, չպետք է բացասաբար անդրադառնա Հայաստանի ու Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարության հարաբերությունների վրա՝ չնայած քաղաքական էլիտաների միջև առկա  տարբերությանը՝ այս եզրի խորքային իմաստով:

Ինչ վերաբերում է  Քոչարյանին, ապա  նրա հարցն,առհասարակ, չարժե քաղաքականցնել, առավել ևս՝ ֆետիշացնել՝ անկախ այն հանգամանքից, թե արցախյան վերնախավում ով ինչ անձնական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այստեղ պրոցեսը զուտ ներհայաստանյան է, զուտ իրավական:

Քոչարյանը չպետք է դառնա անջրպետ՝ Հայաստանի ու Արցախի միջև:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.