Ալիևին փորձում են զսպել. կհաջողվի՞, թե՞ ոչ

Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրած պայմանագրի 25–ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն ուղերձ է հղել, ուր Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման հիմք է հռչակվել 25 տարի առաջ ստորագրված համաձայնագիրը:

Միևնույն ժամանակ  ռուսները հույս են հայտնել, որ կողմերին կհաջողվի խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման ուղիների փնտրտուքը. լավատեսության հիմք են ծառայել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների` վերջերս Վիեննայում կայացած հանդիպումն ու Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանը շարունակում է հետևողական միջնորդական ջանքեր գործադրել ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն է նամակ  հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ միաժամանակ նշելով, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության:

«Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- մասնավորապես՝ նշված է Մակրոնի ուղերձում:

Այս օրերին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում  կողմերն անդրադարձել էին շփման գծում տիրող իրավիճակին, մշտադիտարկումների արդյունքներին ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:

Մայիսի սկբին Ադրբեջանի՝ Հայաստանի ու Արցախի նկատամբ ագրեսիայի նկատելի աճից հետո՝ մեկ շաբաթ անց, փաստորեն, ուժային կենտրոնները շտապում են արագորեն կանխարգելել  հավանական պայթյունն ու էսկալացիան: Կասկած չկա, որ թե՛ ՌԴ-ից եկող ուղերձի, թե՛ Մակրոնի նամակի ու թե՛ Կասպրշիկի խաղաղասիրական ջանքերի հիմնական նպատակը մեկն է և միտված է Ադրբեջանի զսպմանը: Ճիշտ է՝  ուժային կենտրոններն այդ ընթացքում փորձում են լուծել նաև իրենց խնդիրները՝ կամա-ակամա մրցակցության մեջ մտնելով տարածաշրջանի վրա ունեցած ազդեցության պահպանման  առումով, սակայն ուրախալին այն է, որ այդ մրցակցությունը տվյալ պարագայում կոնստրուկտիվ բնույթ է կրում, երբ դրա հետևանքով ոչ թե խրախուսվում, այլ անուղղակիորեն կշտամբվում է  Ադրբեջանը:

Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերն իրենց առաջ դրել են առավելագույն խնդիր՝ գերազանցելու թշնամու ռազմական պոտենցիալն ու ամեն գնով խաղաղություն պարտադրելու Բաքվին: Սա, անկասկած, ուղերձ է՝ ոչ միայն  Ալիևին, ով շատ է սիրում հպարտանալ իր կողմից ձեռք բերված զինատեսակների լայն տեսականիով, այլև նույն այդ ուժային կենտրոններին առ այն, որ պատերազմի պարագայում ոչ ոք, ոչ մի ուժ իրավունք ու հնարավորթյուն չի ունենա՝ Հայաստանին պարտադրելու կամ նույնիսկ հորդորելու հետքայլ անել, և եթե ոչ ոք չի ցանկանում կարգի հրավիրել Ալիևին, ապա պետք է նկատի ունենան, որ պատերազմի դեպքում իրավիճակը կարող է իսկապես անվերահսկելի դառնալ, և Հայաստանն երբեք սեփական շահերի հաշվին ոչ մեկին չի հաճոյանալու, խաղաղության չի գնալու:

Ուժային կենտրոններից եկող խաղաղասիրական հորդորներն, անշո՛ւշտ, պետք է ողջունելի համարել, սակայն միևնույն ժամանակ հարկ  է հասկանալ, որ այդ հորդորներն ինչ-որ պահից սկսած կարող են այլևս ոչ մեկի վրա ներգործություն չունենալ: Եթե Ադրբեջանը կարողանա հարմար առիթ գտնել, ապա անվերապահորեն գնալու է ռազմական արկածախնդրության, և այս իմաստով կարևոր են հատկապես այն աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք տեղի են ունենում հարևան Իրանի շուրջ: Այս երկրի շուրջ իրավիճակը կարծես կրկին սրվում է, ինչն, իհարկե, չի կարող չանհանգստացնել Հայաստանին ու բոլոր նրանց, ովքեր շահագրգիռ են Անդրկովկասում խաղաղության պահպանման հարցում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.