Առանց շտապողականության. ինչի՞ց է զգուշանում Զոհրաբ Մնացականյանը

Մայիսի 9-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի միջև ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտությանը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հարց անհրաժեշտ է շատ զգուշավոր և մանրամասն քննել, հասարակական քննարկումներ անել, հաշվի առնել բազմաթիվ հանգամանքներ, մինչ վերջնական որոշման գալը: Մենք արդեն ունենք բավարար գործիքներ, հսկայական գործիքներ` ապահովելու մեր գործառույթը` երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա շարունակական աշխատանք է, և բոլոր նոր գործիքները կքննարկենք, կգնահատենք. այժմ գնահատման շրջան է»,-հայտարարել է նախարարը:

Ինչպես հայտնի է, Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ստեղծելու հետ կապված արդեն ստորագրահավաք է սկսվել, որն արդյունք է Արցախի ԱԺ խորհրդարանում ՀՅ Դաշնակցության կողմից նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի, որ արդեն մի քանի օր է՝ ավարտվել է:

Նախարարի խոսքերում ակնհայտորեն նկատվում է զգուշավորություն ու ոչ միանշանակ վերաբերմունք տեղի ունեցող ստորագրահավաքին և, առհասարակ, առաջ քաշված գաղափարին:

Ինչի՞ հետ է կապված Մնացականյանի նմանօրինակ զգուշավորությանը:

Բանն այն է, որ չնայած բոլորն էլ հասկանում են՝ առաջ քաշված գաղափարն ինքնին ճշմարիտ է  ու բխում է Հայաստանի ու Արցախի ռազմավարական շահերից, սակայն հայաստանյան պաշտոնական շրջանակներում, ըստ էության, կա որոշակի մտավախություն՝ կապված, ըստ էության, արտաքին աշխարհից գալիք արձագանքների հետ:

Մնացականյանն ասում է, որ հարկ եղած դեպքում ՀՀ իշխանությունների ձեռքի տակ կան բոլոր գործիքակազմերը՝ ապահովելու, երաշխավորելու Արցախի անվտանգությունը: Սա, իհարկե, ճշմարիտ է: Մյուս կողմից, սակայն, Մնացականյանի մոտ համապատասխան խնդրի առնչությամբ բացակայող էնտուզիազմը, ակնհայտորեն բխում է արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների տրամաբանությունից, իսկ ավելի ճիշտ՝ այն կեցվածքի առանձնահատկությունից, որ Հայաստանն այժմ բռնել է. Հայաստանը հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով ու փորձում է իր այդ դիրքորոշումը հաջողությամբ կապիտալիզացնել, ինչը նշանակում է, որ ռազմավարական դաշինքի մասին ի լուր աշխարհի հայտարարելիս Հայաստանը պետք է հաշվի առնի այդ քայլի հնարավոր հետևանքները բանակցային պրոցեսի վրա, այն, թե արդյոք նման քայլը չի՞ հակասի այն տրամաբանությանը, որն այժմ ընկած է Երևանի որդեգրած կեցվածքի հիմքում: Այսինքն՝  կա կարիք գնահատելու, թե արդյոք ռազմավարական դաշինքի կնքումը չի՞ կարող կրակի վրա ավելացվող յուղի էֆեկտ ունենալ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակն ու Ադրբեջանի ռազմատենչության ավելացումը:

Մյուս կողմից՝ կա հարցի մեկ այլ կողմ ևս. ռազմավարական դաշինքի կնքումը բոլոր դեպքերում չի կարող հակասել հայկական երկու պետությունների կենսական շահերին՝ առնվազը միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում: Ավելին՝  այն, որ նման նախաձեռնության հեղինակները ոչ թե իշխանություններն են, այլ ուրիշ ուժեր, գալիս է ապացուցելու, որ արցախյան խնդիրն առանձին վերցրած այս կամ այն իշխանության խնդիրը չէ, այլ շատ ավելի համընդգրկուն է  ու խորքային, ինչը բացառում է այս խնդրում ցանկացած իշխանության  ինքնագործունեություն: Վերոհիշյալ նախաձեռնությունն ազդակ է նաև դրսին, ինչը միանշանակորեն օգուտ կբերի Հայաստանին՝ խաղաքարտը ճիշտ խաղարկելու պարագայում. Հայաստանի խաղաղասիրական կեցվածքը պետք է ոչ թե դիտվի՝ թուլության նշան, այլ բարի կամքի դրսևորում ու ամրապնդի Հայաստանի դիրքերը բանակցություններում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.