Փաշինյանի կոպիտ նախազգուշացումը. ովքե՞ր են ուղերձի հասցեատերերը

Մայիսի 8-ի մամուլի ասուլիսում  մեկնաբանելով  իշխանության ներսում տարբեր թևերի գոյության մասին շրջանառվող լուրերը՝ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես՝ գործադիր իշխանության ներսում, չեն կարող լինել թևեր. գործադիրը միասնական մարմին է և այն ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից:

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարղ է լինել ՀՀ վարչապետ և այդ իշանության ներսում կարող են լինել թևեր: Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ: Ոչ թե որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև դա է օրենքը պետական կառավարման»,-հայտարարել է Փաշինյանը՝ բացառելով, որ ինքը կարող է թույլ տալ երկրում վակխանալիաներ, ինտրիգներ: Նա վստահեցրել է, որ բանը թևերը կտրելուն չի հասնի, որովհետև դրանք չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կվերանան:

«Ով այդպիսի գայթակղություն ունի, թո՛ղ փորձի բախտը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը գործնականում շոշափում է մի խնդիր, որը ոչ այնքան իրավիճակային, որքան իսկապես խորքային բնույթի է: Անշո՛ւշտ, այս պարագայում խոսքը գնում է ոչ միայն իշխանական համակարգում գոյություն ունեցող հայակենտրոնների ու ուլտրալիբերալների մասին, որոնք, պայմանավորված նույն Սանասարյանի շուրջ ընթացող պրոցեսներով, կարծես միմյանց դեմ են դուրս եկել՝ այդպիսով պառակտելով իշխանությունը ներսից, այլև ներիշխանական ավելի մանր կլանների գոյացման, որը գրեթե բոլոր երկրներում ու քաղաքական համակարգերում էլ ժամանակի ընթացքում առաջանում է իշխանության ներսում, որքան էլ այդ իշխանությունը նոր լինի. Քաղաքականության օրենքն է:

Մամուլում հաճախ կարելի է գտնել հրապարակումներ, որոնցում շոշափվում է իշխանական բուրգում ներկայումս առկա իրավիճակի, ուժային դասավորության հարցը: Կա կարծիք, օրինակ, որ Փաշինյանի կառավարության ներսում հսկայական է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դերակատարությունն, ով փորձում է կառավարության ներսում ձևավորել սեփական թիմը և այլն:

Փաշինյանի խոսքերը նաև նմանօրինակ երևույթների՞ն են վերավերում, թե՞ այստեղ ամեն բան, պայմանական ասած, սանասարյանական տրամաբանության մեջ է: Կոնկրետ ովքե՞ր են Փաշինյանի ուղերձի հասցեատերերն, իսկ միգուցե Փաշինյանի խոսքերն այնքան էլ անձնավորված բնույթ չեն կրում, այլ հետապնդում են դեռևս միայն պրոֆիկալտիկ նպատակնե՞ր:

Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ Փաշինյանի ուղերձը միանգամայն տրամաբանական է և, եթե կուզեք, հեղափոխության համար կենսական: Չի կարող լինել հզոր, ուժեղ թիմ, եթե այդ թիմի ներսում առկա է «վաժակության» սինդրոմ՝ անկախ այն բանից, թե ինչ արտաքին դրսևորում այն ունի:

Այն իշխանությունը, որը պառակտվում է ներսից, նմանվում է ավազի վրա կառուցված տան, որ հեռանկար չունի:

Ահա սրանից է զգուշանում վարչապետն ու նախազգուշացնում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.