Հայ-ամերիկյան հարաբերությունների ստվերը. մաշող անորոշություն

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին ընդառաջ գնահատելով երկկողմ հարաբերությունների պոտենցիալն ու հեռանկարները՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն առանցքային դրակատարություն է հատկացրել հատկապես Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկին՝ արձանագրելով. «Ամուլսարի խնդիրը ԱՄՆ ամենամեծ և ամենակնճռոտ խնդիրն է տարածաշրջանում, որովհետև սա անմիջապես վերաբերում է Միացյալ նահանգների բիզնեսին, իսկ Միացյալ Նահանգները բիզնեսի երկիր է, որտեղ բիզնես շահերը ավանդաբար գերակա դիրքում են, և ցանկացած ադմինիստրացիա իր գլխավոր գործառույթներից մեկը համարում է ամերիկյան բիզնեսի պաշտպանությունը և առաջխաղացումը: Այս առումով Ամուլսարը բավականին մեծ խնդիր է: Ամերիկյան կառավարությունը բավականին համբերատար և ըմբռնումով է մոտենում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որովհետև ազատականացման, ժողովրդի կամքի դրսևորման պայմաններում կառավարությունը չի կարող հաշվի չնստել հանրության բավականին ազդեցիկ մի մասի կարծքի հետ: Բայց հուսով եմ, որ խնդիրը հանգուցալուծում կունենա, այս պահին բավականին կնճռոտ խնդիր է մեր օրակարգում: Փորձագիտական նոր գնահատական է ակնկալվում առաջիկայում, հուսով եմ, որ այն սպառիչ պատասխան կտա թե՛ մեզ, թե՛ ամերիկյան կողմին, և կկարողանանք բարեկամական, գործընկերային հունի մեջ լուծել այս տարաձայնությունը»:

Թավշյա հեղափոխության ֆորմալ հաղթանակի մեկամյա տարեդարձի շեմին տեղի ունեցող կարևոր այս միջոցառումն, անշո՛ւշտ, չափազանց նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար: Հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք ավանդաբար համարվում են բարեկամական, վերջին շրջանում կարծես այնքան էլ դինամիկորեն չեն զարգանում: Չնայած թվում էր՝ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության հաղթանակը պետք է նոր շունչ ու բովանդակություն հաղորդեր երկկողմ հարաբերություններին՝ վերածելով դրանք Հայաստան-Արևմուտք խորքային կապերի իրական հենքի, սակայն փաստ է, որ սպասելիքները գոնե առայժմ չեն արդարացվում:

Դրա պատճառներն, անշո՛ւշտ, բազմաթիվ են ու բազմաշերտ, սակայն միանշանակ է, որ այդ պատճառների շարքում ամենաէականը Վաշինգտոն-նոր Հայաստան հարաբերություններում փոխվստահության մթնոլոտի ձևավորման խնդիրն է. ԱՄՆ երկար ամիսներ փորձում է  հասկանալ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի պայմաններում ինչպիսի՞ հեռանկարներ են բացվել երկկողմ հարաբերությունների զարգացման, դրանց առավել լայն բովանդակություն տալու առումներով:

Ահա այստեղ է, որ Ամուլսարի թնջուկն իրեն զգացնել է տալիս: Մեկ անգամ չէ, որ ԱՄՆ տարբեր միջոցներով ու մի շարք պաշտոնյաների ուղղակի կամ անուղղղակի հայտարություների օգնությամբ փորձել է տեղ հասցնել իրեն հուզող կարևորագույն խնդիրներից մեկի՝ «Լիդիան Արմենիայի» խնդրի՝ իր համար կարևոր լինելու  փաստն ու դրա՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ունեցած ազդեցության հանգամանքը՝ պարզորոշ կերպով ակնարկելով, որ ծրագրի առաջ «կանաչ լույս վառելու» պարագայում Հայաստանի տնտեսությունը կարող է շատ արագ զարգանալ ոչ միայն բուն ծրագրից ակնկալվող շահույթների, այլև համաշխարհային բիզնես շրջանակների մոտ վաստակելիք հեղինակության շնորհիվ: Այսինքն՝ Վաշինգտոնը թափանցիկ կերպով հասկացնում է, որ «Լիդիան Արմենիայի» շուրջ առաջացած արհեստածին թնջուկի հաջող հանգուցալուծման պարագայում որպես խրախուսանք Հայաստանը կարող է ակնկալել նաև հավելյալ ներդրումներ Արևմուտքից՝ լավ հիմքեր ստեղծելով ակնկալվող տնտեսական առաջընթացի համար:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ միայն երրորդ փորձաքննության արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի վերջնական պատասխան ներկայացնել. Փաշինյանն ասում է, որ ինքը հիմքեր ունի կասկածելու, որ նախորդ երկու փորձաքննությունների արդյունքները կեղծված են: Անշո՛ւշտ, այդ թերահավատությունն ունի, այսպես ասած, քաղաքական հիմքեր՝ հաշվի առնելով նախորդ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, և այստեղ բնավ «Լիդիանի» խնդիրը չէ: Ներկա իշխանությունները ցանկանում են սեփական փորձաքննությունն անցկացնել բնապահպանական հարցերի վերաբերյալ և միայն դրանից հետո հիմնավոր որոշում կայացնել՝ կա՛մ այո, կա՛մ ոչ:

Նման հստակության խնդիր իր առաջ դրել է նաև ամերիկյան կողմը, որի համար անընդունելի է ոչ այնքան Ամուլսարի շահագործման հնարավորությունից զրկվելու-չզրկվելու խնդիրը, որքան՝ մաշող անորոշությունը, որը, փաստորեն, մեխանիկորեն սկսել է տարածվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ սպեկտրի վրա՝ բացառելով դրանց խորքային զարգացումը:

Հարաբերությունները համաշխարհային թիվ մեկ հեգեմոնի հետ գերկարևոր են ցանկացած երկրի համար, և բացառություն չէ նաև Հայաստանը: Մի պարագայում, երբ երկիրը խեղդվում է բազմաբնույթ ու բազմապիսի խնդիրների ճիրաններում, հայ-ամերիկյան հարաբերությունների իրական զարգացումը կարող է լրջագույն  գործոն դառնալ թե՛ արտաքին, թե՛ տնտեսական խնդիրների էֆեկտիվ հաղթահարման առումով, և սա, անշու՛տ, գիտակցում են նաև հայաստանյան իշխանությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.