Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

«Վարդան Գրիգորյանը Քոչարյանի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործերով ինքնաբացարկ է հայտնել։ Գործը հանձնվել է դատարանի գրասենյակին և այն պետք է վերամակագրվի այլ դատավորի»,–ասաց Խաչատրյանը։

Նա ասաց նաև, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Հիշեցնենք, որ Վարդան Գրիգորյանը 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է:

Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն ընդունվել է դատարանի վարույթ, բայց նիստի օրն առայժմ նշանակված չէ։

Նշենք` մինչ այդ լուրեր էին տարածվել, որ դատավորները հրաժարվում են այս գործն ընդունել։ Այդ մասին տեղեկություններն ապրիլի 29-ի ասուլիսում չհերքեց նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` նշելով, որ դատավորների վարքագծի վերջնական գնահատականը կարող է տալ միայն բարձրագույն դատական խորհուրդը։




Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.