Քաղաքացին հայտարարել է, որ Ջուլֆալակյաններն իրեն ծեծել են

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտարարելով, որ ինքն ու իր հայրը` հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, բռնություն չեն կիրառել քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ:

Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ նույն օրը` ժամը 15։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն:

«Միանգամից ասեմ` ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար,որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում իրեն վատ է զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։

Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։ Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։

Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս...) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ..»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.