Բակո Սահակյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել Սամբոյի միջազգային առաջնության բացման հանդիսավոր արարողությանը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ռուսաստանաբնակ արցախցի բարերար Արթուր Գրիգորյանի համատեղ նախաձեռնությամբ ու աջակցությամբ Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան N6 դպրոցի մարզադահլիճում այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել սամբոյի «Հաղթանակի գավաթ» միջազգային մրցաշարը՝ նվիրված մայիսյան եռատոնին:

Մրցաշարին մասնակցել են Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նախքան առաջնության մեկնարկը` սամբոյի մանկապատանեկան խմբի սաները ներկայացրել են ցուցադրական ելույթներ: Հայրենասիրական ու արտասահմանյան երգերով ու պարերով հանդես են եկել մշակույթի կենտրոնների սաները:

Մրցաշարին բացման խոսքով հանդես է եկել ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ով, ողջունելով ներկաներին, ասել է, որ նախատոնական այս օրերն Արցախում հագեցած են սպորտային միջոցառումներով:

Նա նաև շնորհակալություն է հայտնել բարերար Արթուր Գրիգորյանին աջակցության համար և պարգևատրել շնորհակալագրով:

Ա.Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ Արցախն ուժեղագույնների երկիր է, և տարբեր պետությունների մարզիկների մասնակցությունն այս առաջնությանը մեծ ու արդյունավետ ազդեցություն կունենա նրանց սպորտային կարիերայի ձևավորման ու զարգացման վրա:

Բարերարի կողմից նվերներով ու շնորհակալագրերով պարգևատրվել են սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթանակած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները:

ԱՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի կողմից նախագահ Բակո Սահակյանն արժանացել է շորհակալագրի և հուշանվերի։

«Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանն էլ, ողջունելով նմանատիպ մրցաշարերի անցկացումը՝ մասնակիցներին մաղթել է արժանավոր հաղթանակ:

Մեզ հետ զրույցում ԱՀ ԿԳՍ նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանն ասել է,որ առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցում է 160 մարզիկ։ Նրա խոսքով՝ այսպիսի մրցաշարերը նպաստում են սամբո մարզաձևի մասսայականացմանը, մարզիկների ֆիզիկական որակների բարելավմանն ու ամրապնդմանը։

Առաջնությանը ներկա էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզիկներ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.