Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի ուսման վարձին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորերը շրջանառության մեջ են դրել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը.  այս նախագծով փորձում են զուգահեռաբար խրախուսել և՛ աշխատանքը, և՛ կրթությունը։

«Եթե ուսանողներն ուսմանը զուգահեռ կարողանում են առաջադիմություն ցուցաբերել, ինչպես նաև աշխատում են, ապա կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ պետությունը խրախուսական միջոց կիրառի՝ ուսանողի եկամտահարկը տարեկան կտրվածքով վերադարձվի ուսման վարձի չափով։ Արդեն աշխատողների մասով ասեմ, որ աշխատողներն այսօր, եթե ցանկության դեպքում հնարավորություն ունեն լրացուցիչ կրթություն ստանալ՝ ստանալով 2-րդ մասնագիտություն կամ մագիստրատուրա ավարտել»,- մանրամասնել է Գաբրիելյանը՝ հատկապես կարևորելով այն, որ նախագծով հնարավորություն է տրվում եկամտահարկն ուսման վարձին ուղղել ոչ միայն հիմնական աշխատողի. օրինագծի տված հնարավորությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձինք։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ խոսեց օրենսդրական նախաձեռնության նպատակների մասին՝նշելով, որ կրթություննառաջնային նշանակություն ունի և արձանագրելով,որ  իրենց քաղաքական թիմի քննարկումներում ու ռազմավարական պլանավորման ընթացքում նախանշել էին այն ուղղությունները, որոնցով պատրաստվում են հանդես գալ։

«Մեր քաղաքականությունը բոլոր ուղղություններով հետևյալն է՝ մի կողմից խրախուսում ենք անհատի զարգացումը, մասնագիտական որակների բարձրացումը,  միևնույն ժամանակ, պարտավորվում ենք որոշակի երաշխիքներ տրամադրել և օգնել։ Չափազանց կարևորում ենք հանրային քննարկումը, առաջարկները, որոնք ստանում են բուհերում՝ փորձագետների, դասախոսական կազմի, ինչու չէ նաև ուսանողների կողմից»,- հայտարարել է Մակունցը՝ հավելելով,որ այս քննարկումների մեջ իրեն զարմացրել է որոշ գործատուների դժգոհությունը։ Նա ենթադրում է, որ դա կապված է ուսանողներին՝ որպես աշխատուժ, օրինական դաշտ բերելու ու հարկեր ձևակերպելու հետ։ 

Ըստ պատգամավորների՝ այս պահին ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ տարիքային որևէ սահմանափակում չկա՝ կարող են օգտվել աշխատող և սովորող բոլոր տարիքի անձինք։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նաև նշեցին, որ դեռևս որևէ տարանջատում չկա պետական ու մասնավոր բուհերի միջև, քանի որ պետությունը երկուսին էլ լիցենզիա է տրամադրում։ 

Նրանք նաև նկատեցին, որ քննարկումների ժամանակ դասախոսներն այս օրենսդրական նախաձեռնությունը հեղափոխական լուծում են որակել, քանի որ այն նոր ուսանողներ ունենալու հնարավորություն կտա, հետևաբար, բուհերը կարող են լուծել իրենց խնդիրները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.