ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ծայրահեղ մտահոգիչ է որակել Էրդողանի հայտարարությունը

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի թիվ 1226 նիստի ընթացիկ հարցերի շուրջ, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին արված հայտարարությանը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ դա զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի առավել քան վիրավորական և ցավալի դրսևորում է, ինչպես նաև՝ ցեղասպանության արդարացման ծայրահեղ մտահոգիչ փորձ։ Այն Թուրքիայի իշխանությունների կողմից վարվող ժխտողականության քաղաքականության ցայտուն դրսևորումներից մեկն է։

Դեսպանը նկատել է, որ Թուրքիայի նախագահի խոսքերը վկայում են Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման, և որ նման արտահայտությունները միանշանակ կարելի է որակել որպես ատելության և ատելության հրահրմանն ուղղված խոսք։

«Անդրադառնալով Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ոտնահարմանը` դեսպան Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձավ Թուրքիայի իշխանությունների կողմից ս.թ ապրիլի 24-ին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում Մարդու իրավունքների կառույցի (IHD) ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման արգելելուն, ինչը խաղաղ հավաքների կազմակերպման հիմնարար իրավունքի խախտում է: Դեսպան Պապիկյանը նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հենց այդ նույն հրապարակ են բերվել 235 ականավոր հայ գործիչներ, այդ թվում` Օսմանյան խորհրդարանի անդամներ, կրոնական և համայնքային ղեկավարներ, նշանավոր գրողներ և արվեստագետներ, որոնք հետագայում սպանվել են:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, նույն օրը, հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հայազգի ակտիվիստ, որը Թուրքիայում ազատ խոսքի իրավունքի հերթական խախտումներից մեկն է։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված որոշումների, հռչակագրերի և նախաձեռնությունների համար, միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.