Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը. քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Համաձայն այդ որոշման՝ քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:  Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է: Համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»,- նշել է Կարապետյանը:

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, սակայն նոր փոփոխություններով նախատեսվում է դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ:

Երևանի  քաղաքապետարանի  բոլոր  վարչությունների  պետերի  աշխատավարձերը կլինեն  641 հազար ՀՀ դրամ՝ ներկայիս 346 հազար դրամի փոխարեն, վարչական  շրջանների  ղեկավարների աշխատավարձերը  կդառնան  773 հազար ՀՀ դրամ: Վերջիններս ներկայում ստանում են 400 հազար ՀՀ դրամ:

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձը որոշման համաձայն կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն:

Քաղաքապետի խորհրդականները կստանան 667 հազարական դրամ:

Երևանի վարչական շրջանների ղեկավարները կստանան 773 հազարական ՀՀ դրամ՝ ներկայիս 400 հազարի փոխարեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.