Ռ. Քոչարյանի գույքը չի գնահատվել.պաշտպան

Գույքն ընդհանրապես չի գնահատվել, վարույթն իրականացնող մարմինն ունի պարտականություն՝ գույքը գնահատել, որպեսզի հասկանա՝ գույքը բավարարում է կալանքի նպատակներին, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը`  ներկայացնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստի մանրամասները և տեղեկացնելով, որ նիստը հետաձգվել է:

«Իրենք չեն գնահատել գույքը, դրա համար բոլոր պատճառաբանությունները գնահատում եմ ձևական, եթե իրենք նպատակ ունեին իրոք քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ինչ-որ նպատակի ծառայեցնել իրենց գործողությունները, պարտադիր այդ գույքը պետք է գնահատվեր»,-ասաց նա և նշեց, որ երեք միավոր գույքի մասին խոսքը նույն հասցեում գտնվող առանձնատան մասին է հողակտորով հանդերձ:

Փաստաբանը տեղեկացրեց, որ կալանք է դրվել նաև բանկային հաշիվների վրա, և օրինականության վերաբերյալ ապացույցներն իրենք քննիչին ներկայացրել են՝ ասելով, որ այդ գույքի վրա պարզապես չէր կարող կալանք դրվել: Այսպիսով, նա նշեց, որ այս պահին կալանք չի դրվել միայն հատուկ թոշակի վրա:

«Մենք չենք խնդրել դատարանին պարտավորեցնել որոշակի գործողություն կատարել կամ որոշել՝ գույքի կալանքը պետք է մնա, թե ոչ, մենք խնդրում ենք նախաքննության քննիչի դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումը և դրանով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման ճանաչումը: Մենք վիճարկում ենք որոշումը, որը կայացվել է 2018 թվականի հուլիսի 30-ին, և այդ որոշումը միանշանակ անօրինական է եղել»,-շեշտեց նա:

Հովհաննես Խուդոյանը հավելեց, որ խուզարկությամբ հայտնաբերվել էին նաև նյութական կրիչներ, որոնք, իր տեղեկությամբ, դատարկ են եղել, գրասենյակի համակարգիչ էր, օրինական որսորդական հրացաններ են հայտնաբերվել, սակայն խուզարկությամբ հայտնաբերված առարկաները գործի վերաբերյալ ոչ մի կապ չեն ունեցել:

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը փաստաբաններին ինչպես է վճարում, պաշտպանն ասաց, որ դրա վերաբերյալ քննիչին ներկայացրել են միջնորդություն: «Խոսքը ոչ թե Հայաստանում ներկայացվող փաստաբաններին էր վերաբերում, այլ երբ սկսեցինք ներկայացնել բողոքներ Եվրոպական դատարան, մենք ներգրավվեցինք եվրոպացի փաստաբանների Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, և անհրաժեշտություն առաջացավ, որ գործի նյութերի վերաբերյալ թարգմանություններ լինեն»,-ասաց նա և նշեց, որ քննիչը մերժել է իրենց միջնորդությունները:

Այս մասին փոխանցում է Tert.am-ը

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.