Հայաստանը՝ նոր ցնցումների շեմին. Ծառուկյանի կայունացնող գործոնը

Արարատի ցեմենտի գործարանի շուրջ բարձրացած աղմուկով ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի պատգամավորական գործունեությանն առնչվող խոսակցություններով շարունակվող ներքաղաքական պրոցեսը սպառնում է նոր ցնցումների առաջ կանգնեցնել ներքաղաքական դաշտը:

Մամուլը գրել է, որ պրոցեսների խորացման պարագայում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները մտադիր են վայր դնել իրենց պատգամավորական մանդատներն ու լքել Ազգային ժողովն, իսկ արտահերթ ընտրությունների պարագայում, որոնք կարող են միանգամայն իրական լինել, քաղաքական այս ուժն իրականացնելու է խոշոր կոնսոլիդացիա:

Իրավիճակը բավական զգայուն է. մի պարագայում, երբ Հայաստանին նոր-նոր է հաջողվում հաղթահարել քաղաքական ճգնաժամն ու հեղափոխության սահմանադրականացման շնորհիվ ստանալ անցնցում զարգացման հնարավորություն, կարող է կատարվել անսպասելին:

Հարց է առաջանում, թե իրադարձությունների  ֆորսմաժորային հունով զարգացման պարագայում ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանն ու, մասնավոապես, իշխանությունը:

Բանն այն է, որ  քաղաքական հավանական ճգնաժամի դեպքում  միանգամայն իրատեսական է լինելու արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր խորհրդարանի ձևավորման հրամայականը: Արդյոք նոր ընտրությունները չե՞ն կարող փորձություն դառնալ ներկա իշխանությունների համար, արդյոք կարելի՞ է հաստատապես երաշխավորել, որ ցրվող էյֆորիայի պարագայում նոր ընտրությունների արդյունքում «Իմ քայլին» կհաջողվի նույն շռնդալից արդյունքը գրանցել, ինչ  անցյալում. տնտեսական հեղափոխությունը կարծես ուշանում է, ինչը չի կարող չազդել հասարակական տրամադրությունների վրա:

Բացի սա՝ ոչ պակաս հրատապ հարց է այն, թե փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի համար որքանո՞վ կարող է նպատակահարմար լինել քաղաքական նոր ցնցումների մեջ ընկնելու հեռանկարը՝ նկատի ունենալով հատկապես ադրբեջանական կողմի  ակտիվացման մասին վկայող  վերջին իրադարձություններն այդ թվում և հայ-ադրբեջանական սահմանին: Ակնհայտ է, որ պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրի համար անվերջանալի քաղաքական պրոցեսների, հետևաբար և պառակտման մեջ հայտնվելը կարող է շատ թանկ նստել պետության  վրա՝ դառնալով ոգևորիչ խթան Բաքվի համար՝ արկածախնդրության դիմելու:

Մյուս ոչ պակաս հրատապ հարցն առնչվում է հայ-ռուսական հարաբերոթյուների խնդրին: Նորություն չէ, որ ԲՀԿ-ն գլխավորապես ու ի սկզբանե  համարվել է պրոռուսական ուժ. Ծառուկյանը կտրականապես հանդես է գալիս հայ-ռուսական հարաբերությունների խորացման օգտին, սատարում ԵԱՏՄ շրջանակներում Հայաստան-անդամ երկրներ հարաբերությունների խորացմանը: Ծառուկյանի շուրջ  ակնհայտ արհեստական բնույթ կրող աղմուկը՝ հրահրված ուլտրալիբերալ պրոարևմտյան շրջանակների կողմից, որ, փաստորեն, սպառնում է վերածվել լայնածավալ պրոցեսի, կարող է ոչ միանշանակորեն ընկալվել Մոսկվայի կողմից՝ բնական պատճառներով պայմանավորված: Այսինքն՝ խնդիր կարող է ծագել ոչ միայն ներսում, այլև դրսում՝ դրանից բխող բոլոր բարդություններով: Հաշվի առնելով Ռուսաստանում նոր իշխանությունների կամ առնվազը դրա մի հատվածի նկատմամբ ակնհայտորեն դրսևորվող զգուշավորությունը՝ ՀՀ բարձրագույն իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել նաև վերոհիշյալ գործոնի հետ՝ չստվերելու առանց այն էլ ռիսկայնության գոտում հայտնված Հայաստան-ՌԴ հարաբերությունները:

Եվ ի վերջո կա նաև մեկ այլ հարց: Պետք չէ մոռանալ, որ հեղափոխության ինստիտուցիոնալիզացման հարցում արմատական, կարևորագույն դեր է խաղացել հենց Ծառուկյանի ու ԲՀԿ-ի որդեգրած կեցվածքը. առաջին հերթին շնորհիվ խորհրդարանում ցուցաբերած այս ուժի սոլիդարության Փաշինյանը կարողացավ ստանձնել ՀՀ վարչապետի բարձր պաշտոնը, և այս  իմաստով ԲՀԿ-ն, որն այսօր հանդիսանում է խորհրդարանական ընդդիմություն (ի դեպ՝ չափավոր), թերևս, հեղափոխության համահեղինակներից մեկն է, ում քաղաքական դիրքորոշման արդյունքում էր նաև, որ երկիրը զերծ մնաց ցնցումներից ու չընկավ քաոսի հորձանուտը՝ թույլ տալով հեղափոխությանն իսկապես կայանալ:

Փաշինյանն ու Ծառուկյանը շատ առումներով  դաշնակիցներ են՝ բառիս ամենախորքային իմաստով, իսկ սա նշանակում է, որ ստեղծված  իրավիճակի արհեստական խորացումը չի կարող ձեռնտու լինել և ոչ մեկին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.