Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ես պատասխան կտամ դրա համար. Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության միջև կռիվ կա, քանի որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգել ԱԱԾ-ին:

«ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի: Մեզ ստուգելու լիազորություն ունի գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը՝ շեշտելով՝ ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ:

«Եթե կլինի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ, թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության և բոլորի առջև: Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ: ԱԱԾ-ն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանը շեշտեց՝ անկախ նրանից մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ կամ ղեկավար, եթե հանցանք է գործել, պատասխան է տալու օրենքի առջև. «Եթե օրենքը խախտած չի լինի մարդը, անկախ նրանից՝ կլինի մեր համախոհը, թե «թշնամին», իրեն չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետապնդել»,- ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ այն օրը, երբ կլինի նման դեպք, ինքը չի աշխատի ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանա հասարակության և քաղաքացիների աչքերին պարզ նայել:

Հարցին՝ եթե Սանասարյանի մեղադրանքը չապացուցվի նա պատրա՞ստ է հրաժարվական տալ և հեռանալ, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից: Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում նախաքննության ընթացքում չի հաստատվում»:

Վանեցյանն ընդգծեց. «Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ ԱԱԾ կողմից, ապա թույլ տվողը  պատասխան կտա օրենքի առջև, իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել այդ մարդկանց գործողությունը, այդ ժամանակ պատասխան կտամ»:

Դիտարկմանն էլ, թե տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ում ՊՎԾ-ի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի հարցաքննության ժամանակ կոմպրոմատներ են կիրառվել, Վանեցյանն ասաց՝  այդ պնդումները հիմնավոր չեն, ինքը նման բաները չի ընդունում:

 «Դրա համար գոյություն ունի երկու կառույց՝ Գլխավոր դատախազություն և ՀՔԾ: Այդ մարդիկ կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այդ մարմիններին, սակայն չեն ներկայացնում, որովհետև սուտ հաղորդության համար պատասխանատվության կենթարկվեն»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է Սանասարյանի հայտարարությանը, թե Վանեցյանն ազդում է գործի վրա, վերջինս պատասխանեց. «Ես չեմ ազդում, ես՝ որպես հետաքննության մարմնի ղեկավար, ամբողջությամբ տիրապետում եմ գործի մանրամասներին»:

Հարցին էլ՝ կա՞ այդպիսի ապացույց, տեսանյութ, որտեղ Սանասարյանը կաշառք է վերցնում, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»:

Հիշեցնենք, որ օրերս Դավիթ Սանասարյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն լրատվամիջոցը, որը իր կաշառք վերցնելու վերաբերյալ տեսանյութ կհրապարակի, այդ լրատվամիջոցում «էքսկլյուզիվ» կկտրի ձեռքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.