Փաշինյանի կարևոր շեշտադրումը. հանձնարարություն՝ Արայիկ Հարությունյանին

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել Հայաստանում բարձր որակավորմամբ կադրերի պատրաստման խնդրին՝ այն հռչակելով հեղափոխության լուծելիք առաջնային խնդիրներից մեկը, տնտեսական հեղափոխության նախապայմաններից. գործազրկության խնդիրը վարչապետը մեծամասամբ պայմանավորել է նաև բարձրորակ կադրերի պակասով, որի պատճառը բուհական համակարգի անկատարությունն է, որն էլ առաջիկայում կառավարությունը պատրաստվում է շտկել:

Փաշինյանի շեշտադրումն չափազանց կարևոր հարց է շոշափում, շատ ավելի գլոբալ, քան  առաջին հայացքից կարող է թվալ: Միանշանակ է, որ հարցն առավելապես շոշափում է շատ ավելի խորքային շերտեր, որոնցից առաջնայինը, թերևս, Հայաստաի լինել-չլինելու հարցն է, ժամանակակից աշխարհում Հայաստանի՝ որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտի ունեցած տեղի ու դերի խնդիրը:

21-րդ դարն, արդարև, համարվում է «սմարթ» դարաշրջան, ինչը նշնակում է, որ ինչպես առանձին վերցրած անհատի, այնպես էլ պետությունների մրցունակության հարցում վճռորոշ է միտքը, գիտությունը:

Ցավոք, այս հարցում Հայաստանը, հատկապես վերջին տասնամյակների հայտնի իրողություններով պայմանավորված, էապես հետ է ընկել՝ զգալիորեն հետ մնալով համաշխարհային տենդենցներից: Մեզ չի հաջողվել պահպանել այն իրական պոտենցիալը, որ կար նախքան անկախության ձեռքբերումն, ինչն արդյունք է ոչ միայն գիտակրթական ոլորտի չշտկվող թերությունների, այլև, թերևս, արտագաղթի:

Իհարկե, եթե անգամ վաղը Հայաստանը լցվի ամենաբարձրորակ կադրերով ու մրցունակ ուղեղներով, դա դեռևս չի նշանակի, որ նույն գործազրկության խնդիրը կարելի կլինի հաղթահարված համարել, քանի որ դրա համար նախ պետք է համապատասխան աշխատաշուկա, մրցունակ տնտեսություն, սակայն կասկած չկա, որ Փաշինյանի ուղենշած ճանապրհն այն իրական արահետն է, որով շարժվելու դեպքում ապագայում հնարավոր կլինի Հայաստանը նոր մակարդակի բարձրացնել, ստեղծել մի երկիր, ուր միտքն իսկապես թանկ է գնահատվում, ուր մտավոր աշխատանք իրականցնողի աշխատավարձը  մարդավայել է, ուր բուհ ավարտելը ոչ թե ինքնանպատակ է, այլ  խոստումնալից ապագային միտված առաջին ու կարևորագույն քայլ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.