«Իմ քայլ»-ի պատգամավորներն աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նախագիծ են մշակել

Ինչպես փոխանցում է Armtimes.com-ը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որը պետք է որ հետաքրքրի ուսանողական լայն շրջանակներին։

Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ՀՀ Հարկային օրենսգրքում այնպիսի լրացում կատարել, որով պետությունը աշխատող ուսանողների վճարած եկամտային հարկից կփոխհատուցի տվյալ ուսանողի ուսման վարձը։ Պարզ ասած՝ այն ուսանողները, որոնք աշխատում են եւ հարկ են տալիս պետությանը, ըստ էության, այդ գումարը հետ կստանան ուսման վարձի տեսքով։

Նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.

«Անկախ սեփականության ձեւից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի (այդ թվում՝ ծառայություններ մատուցող) ուսման վարձը փոխհատուցվում է սույն օրենսգքրի 1601 հոդվածով»։

Իսկ 1601 հոդվածը կսահմանի, որ վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվելու է՝ անկախ սեփականության ձեւից ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող վարձու աշխատողի ուսման վարձի գումարի չափով:

Նախատեսվող հոդվածի երկրորդ կետով սահմանված գումարները վերադարձվելու են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում: Իսկ հոդվածով սահմանված՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը:

Ըստ օրինագծի հեղինակների՝ այս օրենսդրական նախաձեռնությունը կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվել առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ աշխատող երիտասարդների մեջ կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու մշակույթ։

Պատգամավորները որպես նախագծի հիմնավորում հղում են անում նաեւ Ազգային Ժողովի կողմից հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրին, որի համաձայն՝ առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն եւ այդ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ հանգամանքների, կարեւորվեց աշխատանքի եւ կրթության քաջալերումն ու աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով:

Եւ ելնելով կառավարության ծրագրի հիմնարար ուղենիշներից ու խնդիրներից, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքների՝ մարդու եւ քաղաքացու բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովման եւ պաշտպանության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիութան սկզբունքներից եւ հանդես գալով հիշյալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ նախագծի հեղինակները նպատակ են հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է նաեւ, որ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ առկա են մի շարք երկրներում, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում եւ Բելառուսի Հանրապետությունում: 

Նախաձեռնությունն իր այս՝ նախնական տարբերակում ամբողջական է՝ վերաբերում է ե՛ւ առկա, եւ՛ հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներին, ե՛ւ բակալավրիատում, ե՛ւ մագիստրատուրայում սովորող ուսանողներին։ Նախագծով միայն մի սահմանափակում կա՝ ուսանողի միջին որակական գնահատականի շեմ է սահմանվելու։

Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մայիսի 13-ին խորհրդարանում այս թեմայով մեծ լսումներ են նախատեսվում, որոնց ներկա կլինեն կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ կրթության փորձագետներ՝ հարցը համակողմանի քննարկելու համար, չնայած՝ կարծիքների գերակշիռ մասը դրական է։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսանողության մի ստվար զանգված կրությանը զուգահեռ տարբեր հանգամանքների բերումով նաեւ աշխատում է՝ ընդ որում՝ նաեւ ոչ ընտրած մասնագիտությամբ։ Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեր զրույցում ասաց, որ այս պահին հստակ վիճակագրություն չկա՝ ուսանողների քանի տոկոսն է աշխատում, բայց մոտավոր ուսումնասիրություններով՝ առկա բակալավրիատում աշխատում է մոտ 2-3 տոկոսը, մագիստրատուրայում՝ 3-5 տոկոսը։ Այց ցուցանիշն ավելի բարձր է հեռակա ուսուցման համակարգում՝ մոտ 60 տոկոս։ Որոշակի թիվ հստակեցնելու համար նախաձեռնության հեղինակները լրացուցիչ հարցումներ են արել կրթական հաստատություններ։

Խոսելով նախագծի ռիսկերի մասին՝ պատգամավորն ասաց, որ կարծիքները շատ տարբեր են։ Որոշները ռիսկեր են տեսնում, որ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու արդյունքում հնարավոր է՝ կրթության որակն ընկնի։ Սակայն Գաբրիելյանը չի կիսում այս կարծիքը․

«Եթե այս տեսակետը հիմնավոր է, ապա մենք ընդհանրապես պետք է սահմանափակենք աշխատանքը, որովհետեւ այսպես թե այնպես կրթությանը զուգահեռ աշխատելուց գուցե եւ ընկնի կրթության որակը։ Սակայն այս նախաձեռնությունը ուսանողին նաեւ շահագրգռում է բարձրացնել իր առաջադիմությունը՝ այդպիսով ստանալով նաեւ իր վարձի փոխհատուցում»,-մեկնաբանեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ քննարկումների արդյունքում կհասկանան բոլոր հնարավոր ռիսկերը եւ եթե հասկանան, որ դրանք կառավարելի չեն, ապա նախագիծը ժամանակավորապես հետ կվերցնեն՝ խնդիրներն ու լուծումները ավելի խորը հասկանալու համար։

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ուսանող-դասախոս-փորձագետ համակողմանի քննարկումից հետո հարցը հասնում է կառավարությանը․ պետք է հասկանալ՝ նախաձեռնության իրագործումը բյուջեի մասով իրատեսական է, թե ոչ։ Չնայած, պատգամավորի կարծիքով, քննարկումների արդյունքում հնարավոր է հասնել հարմար լուծման՝ այս փորձը նաեւ մեր երկրում կիրառելու համար։

Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես ներկայացրեց պատգամավորը, գործում է այս կարգավորումը, սակայն որոշակի սահմանափակումներով, ասենք՝ պետությունը փոխհատուցում է աշխատող ուսանողի վարձի միայն մի մասը։ Այսինքն՝ նախագծի քննարկման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են հնարավոր։

«Տարբեր պետություններում կա նման պրակտիկա։ Բացի այդ, ինչպես նշել ենք նաեւ նախագծի հիմնավորման մեջ, օրենսդրական նախաձեռնությունը կխրախուսի ուսանողներին ե՛ւ աշխատել, ե՛ւ սովորել բարձր առաջադիմությամբ։ Շատ երկրներում, նույնիսկ եթե պետությունն ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վարձը, ընդունված է, որ ուսանողները հընթացս նաեւ աշխատեն»,-նկատեց Սիսակ Գաբրիելյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.