Քոչարյանը պատրաստվում է «ռևանշի». տնտեսական հեղափոխության հրամայականը

«Ամբողջ աշխարհն ընդունեց թավշյա, ժողովրդական հեղափոխության, սահմանադրական ճանապարհով խորհրդարանի արձակման ու նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը: Եթե սահմանադրական կարգ էր խախտվել, ինչո՞ւ էին այդ հարցը մի կողմ թողած քարոզարշավ անում ու ընտրությունների մասնակցում, որի ժամանակ ստացան քվեների ընդամենը 3,9%-ը և չանցան խորհրդարան: Ու չեն էլ վիճարկել արդյունքները»,-ասել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն՝ ի պատասխան Armtimes.com-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ գործընթացներ կարող են սկսել ՀՅԴ-ականները, և որքանո՞վ են ամուր նրանց բերած հիմքերը, մասնավորապես, ներկա իշխանության կողմից սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, որի մասին ՀՅԴ-ն հիշատակել է իր հայտարարության մեջ:

Մամուլում լուրեր են հայտնվել այն  մասին, որ Փաշինյանի իշխանության դեմ իրենց ուժերն են փորձում համախմբել ռևանշի ձգտող ուժերը: Խոսվում է  նաև ՀՅԴ-ի ստանձնած մեծ դերակատարության մասին, որը փորձելու է  առաջնորդել հակաիշխանական արշավն ու մյուս շահագրգիռ կողմերի հետ անհաղթահարելի խնդիրներ ստեղծել իշխանությունների համար. ՀՅԴ տարածած վերջին հայտարարություններում տեղ գտած շեշտադրումները հաստատում են այս ամենը:

Հաշվի առնելով, այն, թե որքան մոտ են Քոչարյանի ու ՀՅԴ-ի հարաբերությունները, և թե ինչ աստիճանի է հասնում Քոչարյանի վրեժի ծարավը, կարող ենք հաստատապես պնդել, որ այս նոր խմորումների հիմքում ընկած է հենց Քոչարյանի նախաձեռնողականությունն, ով այս միջոցով փորձելու է «տակից» թուլացնել Փաշինյանի դիքերը, ինչն անելու համար նա հույս ունի ստանալ հասարակության դժգոհ հատվածի աջակցությունը:

Գլխավոր հարցը, սակայն, այստեղ այն է, թե ինչի՞ հույս կարող են ունենալ այն ուժերը, որոնք անգամ չեն հաղթահարել անցողիկ շեմն ու դուրս են մնացել խորհրդարանից՝ քաղելով վարկաբեկված համակարգի մաս լինելու դառը պտուղները: Մեծ  հարց է այն, թե այդ ուժերին որքանո՞վ կհաջողվի ստանալ անգամ հասարակության այն հատվածի համակրանքը, որն այսպես թե այնպես դժգոհություն է  ունենալու իշխանություններից՝ պայմանավորված հատկապես ուշացող տնտեսական հեղափոխության հանգամանքով:

Անքննարկելի է, որ եթե նույնիսկ Փաշինյանին չհաջողվի լիարժեքորեն կյանքի կոչել տված խոստումներն ու առաջիկա ամիսներին չիրականացնել տնտեսական թռիչքաձև տեղաշարժ, միևնույնն է՝ «վենդետայի» ձգտող ուժերը չեն կարողանալու դառնալ այն առանցքը, որի շուրջ կարող են համախմբվել լայն ժողովրդական զանգվածներ, քանի որ ինչպես հայտնի է քաղաքագիտությունից, ոչ միշտ է, որ քաղաքական հակառակորդի՝ տեսականորեն անկում ապրող վարկանիշը հանգեցնում է հակառակ թևի հեղինակության  բաձրացման  հատկապես այն դեպքում, երբ այդ հակաակ թևին պատկանողները հասցրել են ապացուցել երկիրը զարգացման հունով առաջնորդելու հարցում իրենց ապիկարությունը՝ անցյալում լինելով իշխանություն. եթե այդքան լավը լինեին, հեղափոխություն տեղի չէր ունենա:

Իսկ  արդյունքում կարող է ստացվել անիմաստ տեղապտույտ: Ճիշտ է՝ Քոչարյանի ախորժակն անբավ է, սակայն իրականությունը թելադրում է իրենը, և կասկած չկա, որ  իշխանություններին փաստի առաջ կանգնեցնելու ոմանց պլանները բախվելու են ապառաժին՝հասարակական անտարբերությանը:

Բայց անկախ ամեն ինչից, իշխանությունները մտահոգվելու տեղիք իսկապես ունեն՝ կապված հատկապես տնտեսական հեղափոխության կյանքի կոչման դանդաղության հետ: Ակնհայտ է, որ հասարակութան սպասելիքները չափազանց լավատեսական են, որ կարող են լուրջ հակասության մեջ մտնել այն իրականության հետ, որում այժմ հայտնվել է Հայաստանը: Եվ ուրեմն՝ Փաշինյանը պետք է շտապի տնտեսական բարեփոխումներին միտված իր քայլերն արագացնելու հարցում ու կանխարգելի հասարակական պոտենցիալ հիասթափությունն,այլապես կարող են հայտնվել բավական անախորժ իրավիճակներում. քանի կա հասարակության աջակցությունն ու վստահությունը, Փաշինյանը պրոբլեմ չունի, բայց հարկավոր է  անել այնպես, որ այդ վստահությունն իսկապես հարատևի՝ փակելով քաղաքական ախոյանների հետդարձի բոլոր ուղիները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.