Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Քոչարյանի ու մյուսների մեղադրական եզրակացությունը

Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակվել է մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը։

Դրա համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․-ի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Քոչարյանը մեղադրվում է նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով գործարար Սիլվա Համբարձումյանի ղեկավարած «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ–ին տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար։ Նաև 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008–ին այլ անձանց հետ հանցակցությամբ, ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով նշված պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ․–ի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ապա` թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Քրեական գործն ընդունվել է դատարանի վարույթ, բայց նիստի օրն առայժմ նշանակված չէ։

Գործի քննությունը հանձնվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթ։



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.