Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները նոր նախադրյալներ կստեղծեն արտահանմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման համար

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով պետությունը նաև արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերության զարգացման համար նոր հնարավորություններ է ստեղծում: Մասնավորապես, շահութահարկը նվազեցվում է, եկամտահարկը դառնում համահարթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Մինչ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի մշակումը որոշակի վերլուծություններ են կատարվել՝ ախտորոշելու ներկայիս տնտեսական իրողությունները և դրանց զարգացման հնարավորություններն ու առաջնահերթությունները: Առաջին միտումն այն էր, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունն էականորեն զիջում է ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերությանը: Եվ, հետևաբար, ներդրումները կատարվում են ավելի շահութաբեր՝ ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտներում: Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ արդեն իսկ արտահանվող ապրանքն ազատված է ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից: Հետևաբար, աջակցությամբ հիմնական ռեսուրսը կամ ուղղությունը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը: Եվ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը երկու տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկերի համահարթ դրույքաչափ»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ եկամտահարկը կդառնա 23  տոկոս, այնուհետև, յուրաքանչյուր տարի մեկական տոկոս իջնելով, կհասնի մինչև  20 տոկոսի:

Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանն իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր չի կարող տնտեսության զարգացման հեռանկարը կապել միայն ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի հնարավորությունների հետ: Նա կարևորեց բոլոր հնարավոր միջոցներով արտահանումը խրախուսելը՝ դրանով կայուն նախադրյալներ ստեղծելելով երկարաժամկետ տնտեսական աճի համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.