Հայկական ստարթափն արդեն Ղազախստանում է

Ապրիլ ամիսը նշանավորվեց ԱՊՀ տարածքում ևս մեկ հայկական ստարթափի ներկայացմամբ։ Staff.am-ը (HireBee) արհեստական բանականությամբ աշխատող HRTech ստարթափ է, որի նպատակն է տեխնոլոգիական նորարար լուծումների միջոցով օգնել անհատների մասնագիտական զարգացմանը, բիզնեսներում ռեքրութմենթի արդյունավետության բարձրացմանը  և աշխատաշուկաների զարգացմանը այն երկրներում, որտեղ գործում է և կգործի HireBee հարթակը։

2016թ․ նոյեմբերին գործարկվելով Հայաստանում՝ staff.am-ը շատ կարճ ժամանակում դարձավ առաջատար կարիերայի հարթակ՝ արագ ձեռք բերելով ճանաչում՝ ինչպես գործատուների, այնպես էլ անհատների կողմից։ Այս պահին հարթակը  համագործակցում է ավելի քան 1,500 տեղական և միջազգային ընկերությունների հետ, համակարգում կան ավելի քան 35,000 գրանցված աշխատանք փնտրողներ, հարթակն ունի 90,000-ից ավելի սոց․ մեդիա հետևորդներ, իսկ  կայքի և հավելվածների օրական այցելությունները կազմում են 8,000-10,000։

Շնորհիվ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի՝ staff.am-ը համաֆինանսավորում է ստացել՝ հնարավորություն ունենալով մշակել արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքակազմ և հեշտացնել աշխատանք և աշխատակից փնտրելու գործընթացը ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Ընկերությունից մանրամասնում են, որ Ալմաթի քաղաքի Սեյֆուլին փողոցում տեղակայված գրասենյակն արդեն ողջունել է ղազախական թիմի առաջին աշխատակիցներին։  HireBee Kazakhstan-ի գործունեությունը համակարգվում է թե հայկական, թե ղազախական թիմի կողմից: Հարթակի ծրագրային ապահովումը, թվային մարքեթինգն ու հաճախորդների օնլայն սպասարկումը շարունակվելու է իրականացվել հայկական գրասենյակում՝ այդպիսով ստեղծելով նոր աշխատատեղեր։ Հայկական և ղազախական թիմերում մինչև 2019թ․ հունիս ամիս ներգրավված աշխատակիցների թիվը կհասնի 20-ին։

«HireBee Kazakhstan թիմի ձևավորման առաջին փուլը կարելի է համարել ավարտված։ Ղազախական շուկան շատ խոստումնալից է․ ընկերությունները մեծ հետաքրքրվածությամբ են հետևում մեր նորություններին, արդեն հասցրել ենք հանդիպել և համագործակցության հաստատում ստանալ խոշոր ընկերություններից։ Չնայած շուկայում առկա բավականին լուրջ մրցակցությանը, հավատացած ենք, որ մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումը և բիզնես մոդելը հենց կլինեն մեր մրցակցային առավելությունները», - նշել է staff.am համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը, ով այս պահին գործնական այցով Ղազախստանում է գտնվում։

Համակարգն ամբողջությամբ հասանելի է աշխատանք փնտրողներին գրանցման համար, հասանելի է օնլայն թրեյնինգների մոդուլը, և, իհարկե, HBMedia ռեսուրսը, որը համարժեք է հայկական StaffBlog-ին։ Թիմն այս պահին ակտիվորեն ներգրավում է նոր գործընկերներ, իսկ HireBee.kz հարթակը լիարժեք կթողարկվի մայիս ամսվա երկրորդ կեսին։ 

«Ծրագրեր ունենք Ղազախստանից հետո շատ կարճ ժամանակահատվածում ներկայանալ Կենտրոնական Ասիայի երկրներում, այնուհետև ընդլայնել աշխարհագրությունը ԱՊՀ մյուս երկրներում։ Հավակնոտ ծրագրեր են բավականին, բայց միևնույն ժամանակ մեր թիմն ունի աշխարհագրական ընդլայնումը հաջողությամբ իրականացնելու բոլոր հնարավորությունները»,- հավելել է staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը։

Այս մասին հաղորդում է Panorama.am-ը: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.