Դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝  ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց առողջության պահպանման խնդիրն իրենց ուշադրության կենտրում է։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բարեփոխումների շրջանակում այս անձինք կարող են նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշական օգնության ու սպասարկման իրավունքից օգտվել՝ պետության կողմից տրամադրվող անվճար  պայմաններով։

«Նշեմ նաև, որ 2019 թ. առաջին եռամսյակում ՔԿ-ներից ազատվել է 339 անձ, որոնցից պայմանական վաղաժամկետ՝ 41-ը, հիվանդության պատճառով՝ 2-ը, համաներում՝ 5-ը, իսկ մնացածի ժամկետը լրացել է»,- ներկայացրեց Զեյնալյանը։

Նախարարն անդրադարձավ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին։

«Դատավորների կողմից թույլ տված կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ, որոնցից 4-ը կարճվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու միջնորդություն է ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 2-ը գտնվում է ընթացքի փուլում»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Նախարարը, անդրադառնալով հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտին, նշեց, որ 2019 թ․ առաջին եռամսյակում բռնագանձվել է 7 մլրդ 298 մլն 489 հազար դրամ, որը 29,32 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ։ Զեյնալյանի խոսքով՝ ոլորտում նաև մի շարք բարեփոխումներ են նախատեսվում՝ հարկադիր կատարման ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում։

Ինչ վերաբերում է ներման ոլորտին, Արտակ Զեյնալյանը նշեց․ «2019 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարություն են ներկայացրել 34 ներման խնդրագիր, կազմվել ու վարչապետին է ներկայացվել 49 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Միաժամանակ նախարարության կողմից վարչապետին ներկայացվել է ներում շնորհելու հարցերի վերաբերյալ ներման հարցերի քննարկման, խորհրդակցական հանձնաժողովի 47 խորհրդատվական եզրակացություն»։

Այս մասին հաղորդումէ Tert.am:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.