Վարչապետի մոտ քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրները

Վարչապետ  Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: 

«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցրեցինք՝ հույս ունենալով, որ առնվազն մեծ մասով առկա խնդիրները լուծում ենք: Այսօրվա քննարկման թեման և առիթն է՝ հասկանալ, թե վերջին կարգավորումներով ինչ խնդիրներ ենք կարողացել լուծել, դեռ ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում են և ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում չեն, բայց լավ կլիներ, որ լինեին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման խնդիրներին, մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման հնարավորություններին, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ հարցերի: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, առկա խնդիրների շուրջ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է ձևավորել հարթակ, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ կանցկացվեն պարբերական քննարկումներ՝ առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, դեղերի շուկայի կարգավորումների շուրջ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.