Փյունիկը շատ կարևոր հաղթանակ տոնեց Ալաշկերտի նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ տուրում կայացավ օրվա առաջին հանդիպումը:

Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Փյունիկին»: Երևանյան ակումբն այս խաղադաշտում իր տնային հանդիպումները կանցկացնի մինչև մրցաշրջանի ավարտը:

Խաղից առաջ թիմերն ունեին 43 միավոր և կիսում էին 2-4-րդ հորիզոնականները:

Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ լարվածության մեջ: Առաջին կեսում թիմերը զգույշ էին գրոհում ու վտանգավոր պահերն այնքան էլ շատ չէին:

Երկրորդ խաղակեսում Տարխանովի ֆուտբոլիստներն ակտիվացան ու կարողացան հաղթանակ կորզել: 78-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցումից հետո հարված կատարեց Մոհամեդ Կոնատեն, գնդակը դիպավ հյուրերի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանին ու հայտնվեց դարպասում:

Աբրահամ Խաշմանյանի թիմը փորձեց փրկել հանդիպումը, սակայն ոչինչ չստացվեց: Հանդիիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 1:0:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 46 միավորով կբարձրանա երկրորդ հորիզոնական: «Ալաշկերտը» 43 միավորով կլինի 4-րդ տեղում:

Հիշեցնենք, որ 19:30-ին «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունելու է «Արցախին»:

Armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.