2019 թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2019  թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով:

Մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարի նկատմամբ աճել է 14.8%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մարտի համեմատ՝ 6.5%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը:

Ըստ վիճակագրության՝ առավելագույն աճն այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է շինարարության ոլորտում՝ 10.8 տոկոս:  Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մարտին աճել է 2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 10.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 17․3%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը նվազել է 0.2%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14%-ով:

Հունվար-մարտին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.3 %-ով՝ կազմելով 174 հազար դրամ: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 4.4%-ով` կազմելով 146,550  դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 3%-ով՝ հասնելով 189 հազար դրամի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.