Վանեցյանը չեզոքացնում է վտանգը. հատուկ օպերացիա

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ապրիլի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում համոզմունք է հայտնել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը ամբողջապես հիմնավորված է և՛ ցուցմունքներով, և՛ առերեսումներով: Դրան զուգահեռ ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում գործը ՀՔԾ փոխանցելու հարցում, որի առնչությամբ, ինչպես հայտնի է, դատախազությանն են դիմել Դավիթ Սանասարյանի փաստաբանները: Վանեցյանը նաև ասել է, որ քննության ավարտից հետո դատարանում հանրությունը կծանոթանա գործին և ապացուցողական ամբողջ բազային:

Գաղտնիք չէ, որ Սանսարյանի շուրջ ընթացող իրավական գործընթացները հենց սկզբից վերածվեցին քաղաքականի, իսկ ավելի կոնկրետ՝ ներքաղաքական երանգավորում ստացան, ինչն, անկասկած, շատ իմաստներով օբյեկտիվ էր և պայմանավորված էր իշխանական բուրգի բավական ինքնատիպ կառուցվածքային յուրահատկություններով, դրանում ներգրավված ուժերի՝ միյանց միջև ունեցած հարաբերություննրով ու հարաբերակցությամբ:

Փաշինյանն ու իր թիմը հենց սկզբից հայտարարեցին, որ մտադիր չեն որևիցե  կերպ միջամտել պրոցեսներին և հանդիսանում են երկրում օրենքի ու օրինականության գերակայության ջատագովներ՝ հիմնավորելով նման կեցվածքը հեղափոխական արժեքներին անդավաճան գտվելու անդրդվելիությամբ:

Այժմ Վանեցյանը հայտարարում է, որ ձեռքի տակ ունի հստակ ապացույցներ այն մասին, որ Սանասարյանն իսկապես մեղավոր է՝ դրանով ակնհայտորեն հակադարձելով Դավիթ Սանսարյանին, ով, ինչպես հայտնի է, կտրականապես մերժում է իրեն վերագրվող մեղադրանքներն ու այդ մասին հայտարարում բավական կտրուկ, հաճախ ցենզուրայից դուրս բառապաշարով: Մյուս կողմից՝ Վանեցյանը միաժամանակ բավական հմտորեն ԱԱԾ-ն դուրս է բերում թիրախային գոտուց՝ Սանսարյանին «տալով» ՀՔԾ-ին և շեշտելով արդարության հաստատման հարցում հասարակության ունեցած դերի կարևորությունը, հենց նրան վերապահելով գլխավոր դատավորի առաքելությունը ժողովրդավարական Հայաստանում:

Սրանով Վանեցյանն, ըստ էության, լուծում է երկու կարևորագույն խնդիր. նախ՝ չեզոքացնում  է արևմտամետների ու հայաստանակենտրոնների միջև ներիշխանական համակարգում հավանական առճակատման կենտրոնում ԱԱԾ-ի հայտնվելու վտանգն, ինչի իրական սպառնալիք իսկապես կա՝ հաղորդելով իր ղեկավարած կառույցին առավելագույն չեզոք կեցվածք, որ, անկասկած, բխում է ազգային անվտանգության գլոբալ շահերից, ապա՝ առաջ է տանում Փաշինյանի գիծը՝ երաշխավորելով բացարձակ օբյեկտիվություն ու առավելագույն թափանցիկություն՝ սեփական խոսքն ասելու հրավեր ուղարկելով նաև ՀՔԾ-ին.  գաղտնիք չէ, որ հասարակական-քաղաքական  շրջանակներում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը վայելում է իշխանական թևում արևմտամետների ամենավառ ներկայացուցչի համբավ:  

Անկախ ամեն ինչից՝ մեկ բան հստակ է ու անքննարկելի. Դավիթ Սանասարյանի գործը վտանգավոր է ոչ միայն կամ նույնիսկ ոչ այնքան իշխանական համակարգի մոնոլիտության խափանման վտանգի տեսանկյունից, որքան՝ թավշյա հեղափոխության՝ որպես բացառիկ հայկական ֆենոմենի հեղինակության խաթարման, և սա հասկանում են բոլորն ու առաջին հերթին, իհարկե, Արթուր Վանեցյանն, ում քայլերը միտված են մեկ բանի՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալուն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.