Չինական ընկերությունը Հայաստանի գյուղերից մեկում 3-4 միլիոն դոլար կներդնի ջրերի գործարան կառուցելու նպատակով

Չինական «Նյու Իդա» ընկերությունը Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքում 60 աշխատատեղ ունեցող ջրերի գործարան է կառուցելու: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Չինաստան ժամանած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Չինաստանի հետ առաջին համագործակցությունը Լոռու մարզն արդեն ունի: Կաթնաղբյուր համայնքում կան բնական աղբյուրներ և չինացի փորձագետները, հետազոտելով ջուրը, գնահատել են որակը և այնտեղ պետք է կառուցեն գործարանը: Արտադրանքը ամբողջությամբ արտահանվելու է: Սկզբնական շրջանում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ, իրենք գազի խողովակաշար են կառուցելու և ճանապարհ, որը նաև հետագայում գյուղն է օգտագործելու: Ներդրումը կազմելու է 3-4 միլիոն դոլար»,- ասաց  Ղուկասյանը՝ հավելելով, որ մարզպետարանը  փորձելու է արագացնել այդ գործընթացը:

Նա հայտնեց, որ ընկերության տնօրենը իրենց հետ Հայաստանից եկել է Չինաստան, որպեսզի ուղեկցի և իր օրինակով խրախուսի մյուս չինացի գործարարներին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի շրջանակում Անդրեյ Ղուկասյանը մասնակցել է տարածաշրջանային ֆորումին: Մարզպետը նաև հուշագիր է ստորագրելու Չինաստանի Շանսի նահանգի հետ:

«Լոռու մարզը Չինաստանի Շանսի նահանգը 2011 թվականից քույր մարզեր են։ Կայացել են երկկողմ հանդիպումներ և այցելություններ: Հիմա նոր թափ ենք փորձում հաղորդել այդ հարաբերություններին»,- ասաց Ղուկասյանը:

Մարզպետը նաև կայցելի Շանսի նահանգի Տայուան քաղաք և այնտեղ կունենա հանդիպումներ տեղի իշխանությունների և գործարարների հետ:

«Խնդրել ենք նաև հրավիրել նահանգի չինացի գործարարներին: Այդ նպատակով մեզ հետաքրքրող ոլորտները նշել ենք, որպեսզի հենց այդ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպենք և ներկայացնենք Լոռու մարզի հնարավորությունները: Մեր մարզն ունի 5 գերակա ճյուղ՝ թեթև արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, ինչպես նաև հանքարդյունաբերություն»,- ասաց Ղուկասյանը:

Մարզպետը դրական ակնկալիքներ ունի այդ հանդիպումներից և նշեց, որ գործարարներին կհրավիրի Լոռի՝ տեղում ծանոթանալու մարզի հնարավորություններին:

«Մենք արդեն իսկ ունեցել ենք երկու հանդիպում հայ, ռուս և չինացի գործարարների հետ: Բավականին ներկայացուցչական կազմ էր ընդգրկել չինական կողմը՝ մոտ 10-15 ներկայացուցիչ, ովքեր զբաղվում են կոնկրետ ոլորտներով և զբաղեցնում են բավականին բարձր պաշտոններ այդ ընկերություններում: Այդ օղակը նույնպես պետք է օգտագործենք»,- եզրափակեց Ղուկասյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.