Կառավարությունը շախմատի ֆեդերացիային գումար կհատկացնի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման համար

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց՝ գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխանցի շախմատի ֆեդերացիային: Գումարը հատկացվելու է 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով:

Այսպիսով՝ նախարարությանը կհատկացվի 133 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը  պատմական ակնարկ անցկացրեց և ներկայացրեց Լևոն Արոնյանի ձեռքբերումները:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այսօրինակ հարցերին պետական բյուջեից ֆինանսավորում եղե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է: Գաբրիել Ղազարյանը պատասխանեց, որ սա առաջին անգամն է, որ մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում: «Սա աննախադեպ է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս կարգի հարցերը նախկինում լուծվել են հետևյալ կերպ. «Որևէ ձևով կամ զանգ է հնչել, կամ որևէ ունևոր անձի միջնորդություն է եղել: Դա վատ մեխանիզմ է, այն իր հետ բերում է այլ հարաբերություններ ու պարտավորություններ, արտոնություններ: Մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը՝ այն մարզական առաքելությունը, որոնք մենք կգնահատենք որպես պետական նշանակություն ունեցող, պետությունը կֆինանսավորի»:

Վարչապետն ասաց, որ Լևոն Արոնյանն աննախադեպ վաստակ ունի Հայաստանի առաջ:

«Մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացին հավատա իր ուժերին: Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ հիմնավորման՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների 4-րդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին, որը բաղկացած է լինելու 3 փուլից՝ հավակնորդների մրցաշարի որակավորում, հավակնորդների մրցաշարի հաղթանակ և աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի որակավորում, աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի հաղթանակ: Թեև պայքարը շատ թեժ և ծանր է լինելու, Լևոն Արոնյանը առաջատարների ցանկում է և մեծ շանսեր ունի նվաճելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հետ բերելով չեմպիոնի կոչումը Հայաստանի Հանրապետություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.