Բաժին : Կառավարություն/Պաշտոնական
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությամբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ։