Հայտնի են «Ավրորա» 2019թ. մարդասիրական մրցանակի հավակնորդները

Արդեն երրորդ տարին է «Ավրորա» մարդասիրական մրցանակի երեք հերոսների անունները հայտնում են ապրիլի 24-ին։

Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների.

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն:

Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց:

Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց, որ նրանց ընտրել են իրենց դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար:

««Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ։ «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին»,- հայտնեց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նախորդ տարիների մրցանակակիրների կատարած աշխատանքներին՝ նա նշեց, որ 15 երկրում 23 ծրագիր է իրականացվում. «Ծրագրի մեծ մասը կրթության և առողջապահության հետ են կապված։ Թվերով՝ 850 հազար մարդու է աջակցություն ցուցաբերվել»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «Ավրորա»-ի հաջողության բանաձևն է՝ աշխարհին աջակցություն ցույց տալ, ոչ թե պահանջել։

Հանդիպմանը ներկա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ հավելեց, որ օգնությունը միայն գումարայինով չի սահմանափակվում. «Մեր ազգը, որը շատ դժվարությունների միջով է անցել, հիմա փորձում է մյուսներին հյուս տալ, օրինակ ներկայացնել, թե ոնց կարելի է վերապրել ու վերականգնվել։ «Ավրորա»-ի միջոցով իմանում են Հայաստանի, հայ ժողովրդի անցած ուղու մասին։ Մենք չենք կարող որոշակի հաջողության հասնել և աշխարհին չօգնել։ Մենք մեր գործը նվիրում ենք աշխարհին և ոչ միայն հայերին։ Միայն հայերը չէին, որ հայերին օգնեցին, այլ նաև ուրիշները»։

Լրագրողները Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեցին փողերի լվացման գործից և թե ինչպիսին կլինի՞ դրա ազդեցությունը «Ավրորա»-ի վրա, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ հայրը մի բան էր միշտ ասում, եթե ինչ-որ լավ բան ես անում, պատրաստ եղիր, որ պետք է ստանաս ինչ-որ վատություն։ Իմ ծնողներն ինձ սովորեցրել են գործ անել և գործով ցույց տալ ինչի համար ենք ապրում։ Ես ամեն ինչ անում եմ պարզ և բաց։ Ինչ վերաբերում է «Ավրորա»-ին՝ մենք 137 բարի կամքի դեսպան ունենք և ոչ մեկը այս ընթացքում չի հրաժարվել և դուրս չի եկել»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.