Փաշինյանի ուղերձը՝ համալսարանից. ի՞նչ է հասկացնում վարչապետը

Ապրիլի 23-ին ԵՊՀ-ում Փաշինյանի՝ արցախյան հարցի վերաբերյալ հնչեցրած խոսքը բազմաթիվ քննադատական մեկնաբանությունների տեղիք  է տվել:

Ոմանք վարչապետի ելույթից հետևություն են արել, թե իբր Փաշինյանը փորձում է «ձեռքերը լվանանալ» ու խուսափել պատասխանատվություն կրելու բեռից:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել էր արցախյան հարցի կարգավորման խնդրում հայ հանրության ունեցած դերի կարևորությունն՝ արձանագրելով, որ հանրությունը երկրի բարձրագույն ղեկավարությանը չի պատվիրում լուծել խնդիրն այնպես, ինչպես ինքն է  պատկերացնում:

Իրականում ի՞նչ էր ցանկանում Փաշինյանն ասել իր ելույթում, ի՞նչ ուղերձ էր հղում, անշո՛ւշտ, ոչ միայն հայ հանրությանն, այլև դրսին: Արդյոք ճի՞շտ է վարչապետի խոսքն ընկալել և մեկնաբանել պրիմիտիվ կերպով, ինչպես դա անում են որոշ ընդդիմախոսներ, թե՞ Փաշինյանի խոսքում կոդավորված ուղերձ է պարունակվում, որը, թերևս, ոչ բոլորն են ընդունակ ընկելել:

Իրականում վարչապետի ասածը մեկն է և այն ձևակերպվել է դեռևս հեղափոխության առաջին իսկ օրերին. ոչ ոք չի կարող իրեն իրավունք վերապահել ժողովրդի մեջքի հետևում, ժողովրդից թաքուն ինչ-որ պայմանագիր կնքել թշնամի երկրի հետ, հող հանձնել կամ այն ձեռք բերել, հաղթել կամ պարտվել: Հանրությունն է խնդրի լուծողը, որը, սակայն, դեռևս կարգին չի էլ պատկերացնում խնդրի լուծման արդյունավետ բանաձևն ու, հետևաբար, չի պատվիրակում բարձրագույն ղեկավարությանը կյանքի կոչել այս կամ այն մոդելը: Ավելին՝ Փաշինյանն, ըստ էության, շատ ավելի գլոբալ իմաստ է հաղորդում արցախյան հարցին՝ տալով դրան գոյաբանական արժեք:

Վարչապետը, մասնավորապես, արձանագրել էր՝ մեզանում չի եղել հարցի վերաբերյալ հանրային դիսկուրս՝ ի՞նչ ենք մենք պատկերացնում 50 կամ 100 տարի ռազմավարությամբ: Չնայած ինքն ունի իր պատկերացումը, բայց համարում է, որ պատկերացման կրող պետք է լինի հանրությունը:

Եվ իսկապես, հաշվի առելով խնդրի մասշտաբայնությունն ու բարդույթունն, ակնհայտ է, որ այն լուծելու համար դրա վերարժևորման կարիք է լինելու, այն շատ ավելի գլոբալ համատեքստում դիտարկելու անհրաժեշտություն: Օրինակ՝ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների պարագայում գործ ունենք վարչապետի տրամաբանությանը ճիշտ հակառակ լոգիկայի հետ:

Տասնամյակներ ի վեր ընթանում էին բանակցություններ, որոնք, սակայն, բացի ժամանակ սպանելուց, ուրիշ ոչնչի միտված չէին: Ավելին՝ այդ ողջ ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ՝ Հայաստանի նախկին ղեկավարները կոնկրետ ինչ պատկերացում ունեին կամ ինչ բանաձև էին առաջարկում խնդրի լուծմանը հասնելու համար: Նրանք, իրականում,  ընդամենը զբաղված էին դրսի թելադրանքով հակամարտության կառավարմամբ՝ ի շահ նույն համանախագահների, քանի որ այդ երկարաշունչ պրոցեսի ադյունքն, ի վերջո, եղավ 2016-ի ապրիլյան պատերազմը, որ ապացուցեց՝ հին մոտեցումներով խնդրին մոտենալը չունի որևիցե ապագա:

Հիմա Փաշինյանը փորձում է հստակեցնել՝ ի՞նչ է ասել «Մադրիդյան սկզբունքներ», ո՞րն է դրանց մեխը և արդյոք այդ մեխը կամ մեխերը համապատասխանո՞ւմ են ՀՀ ազգային անվտանգության կենսական շահերին, թե՞ ոչ: Փաշինյանը փորձում է արցախյան հարցը դուրս բերել մանրադրամի կարգավիճակից՝ շեշտադրելով հայ հանրության գործոնը, և հենց դա դաձնելով փրկօղակ հայկական կողմի համար:  

Ակնհայտ է, որ Հայաստանն այսօր ջանում է նոր դիտակետից նայել արցախյան հակամարտությանն ու փոփոխություններ մտցնել  այդ հարցում մեր երկրի՝ տարիներ ի վեր որդեգրած մարտավարության մեջ, որն այդպես էլ ռազմավարություն չդարձավ: Փաշինյանը փորձում է հենց ռազմավարական արժեք հաղորդել արցախյան հիմնահարցին՝ այն վերածելով հայոց պետականակերտման հիմնասյան ու անկյունաքարի, և հասարակության դերի ծայրահեղացված ընդգծումը հենց դրան է միտված:

Ոչ ոք տաքսիստներին կամ մատուցողներին Ալիևի հետ բանակցելու կոչ չի անում…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.