Նման բան ես իմ թե՛ խաղային, թե՛ մարզչական կարիերայում չեմ ունեցել. Արթուր Պետրոսյան

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան՝ «Լոռի»-«Բանանց» խաղը չկայացավ: Ապրիլի 22-ին՝ հանդիպման նախատեսված ժամին «Բանանցը» դուրս եկավ խաղադաշտ, ողջունեց մրցակցին ու հեռացավ:

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը շնորհավորեց «Լոռիին» եզրափակիչ դուրս գալու առթիվ: «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը չկայացած խաղից հետո զրուցել է լրագրողների հետ:

 
-Պարոն Պետրոսյան, ի՞նչ զգացողություն է, որ խաղ չանցկացնելով, փաստորեն, դուրս եկաք եզրափակիչ:

- Ճիշտն ասած՝ շատ տարօրինակ զգացողություն է. չգիտես՝ ուրախանաս, թե տխրես: Իհարկե, միանշանակ տխրելու է, որովհետև, Գավաթի կիսաեզրափակիչ, շատ կարևոր խաղ չկայացավ: Ես բոլոր պատճառները չգիտեմ: Դա երևի «Բանանցը» կասի: Ամեն դեպքում, շատ տարօրինակ զգացողություն է: Նման բան ես իմ թե՛ խաղային, թե՛ մարզչական կարիերայում չեմ ունեցել:

-Իսկ հասցրե՞լ եք զրուցել ակումբի սեփականատիրոջ հետ: Նա Չելոյանցի հետ խոսե՞լ է, թե ինչու նման բան եղավ:

-Ճիշտն ասած, մի երկու բառ ենք փոխանակել պարոն Գրիգորյանի հետ: Նա ասաց, որ խաղից առաջ գիտեր, բայց ինձ չէր ասել՝ մտածելով, որ ինչ-որ հնարավորություն կա, որ խաղը կկայանա: Բայց հիմնական խնդիրների մասին չեմ խոսել, որովհետև այս ամբողջ պրոցեսը շատ տարօրինակ էր. թիմերը կանգնած են, մեկը դուրս է գալիս, մյուսները զարմացած հարցնում են, թե ինչ է կատարվում: Այսպիսի բան ոչ տեսել էի, ոչ էլ երևի կտեսնեմ: Ինձ համար իսկապես շատ ցավալի է: Մենք շատ կուզեինք այս հաղթանակը տոնվեր խաղադաշտում, ոչ թե այսպես, ինչպես եղավ:

Ամեն դեպքում, եղավ այն, ինչ եղավ: Ֆեդերացիան երևի որոշում կկայացնի: Եթե դուրս ենք եկել եզրափակիչ, ուրեմն դուրս ենք եկել: Մեզնից անկախ եղան այս դեպքերը: Ամեն դեպքում, եթե մենք ենք խաղալու եզրափակչում, ուրեմն սա պետք է նշանակություն չունենա: Մենք պատրաստ ենք լինելու հաջորդ խաղին:

Մեկնաբանություններ
Լրահոս